Թիթեռնիկ. կոկոլոգիական թեստ
  kiss.am ![]() Հավանաբար երկիր մոլորակի վրա չի գտնվի մի մարդ, ով չի սիրում թիթեռներ: Պայծառ, գույնզգույն, ուրախ, զվարճալի, գեղեցիկ, ծաղկից ծաղիկ թռչկոտող նուրբ թիթեռնիկները մեր ենթագիտակցության մեջ ծնում են տպավորությունների և զգացողությունների հիշողություններ` կապված ամառային ջերմ օրվա, կապույտ, խաղաղ, անամպ երկնքի, երփներանգ ծաղիկներից արձակվող զգլխիչ բույրերի, ամառային մեղմ հովիկի և այն բոլոր բնական գեղեցկությունների հետ կապված, որ կարող է մեզ շնորհել հրաշք մայր բնությունը: Թիթեռներ... նրանք շարժ են, թռիչք, ծաղկում, վերափոխում, ընթացք: Այո', իսկապես դժվար է չհիանալ և չգերվել նրանցով: Պատկերացրեք, որ մի օր, այգում զբոսնելիս, պատահաբար հանդիպում եք մի գեղեցիկ թիթեռնիկի: Ինչպիսի՞ն է նա: Փորձեք նկարագրել. գույնը, չափը, ձևը: Ձեզ մոտ ցանկություն է առաջանում բռնել նրան: Փորձում եք ձեր ցանկությունը իրականություն դարձնել` կարծելով, թե դա ձեզ հեշտությամբ կհաջողվի: Բայց ամեն ինչ ապարդյուն: Նա շատ չարաճճին է: Երկար հետապնդումներից և տանջալից րոպեներից հետո Դուք վերջնականապես ուժասպառ եք լինում և այլևս անկարող եք դառնում ինչ որ բան անել: Ձեզ այդպես էլ չի հաջողվում բռնել թիթեռնիկին և Դուք հանձնվում եք: Նստում եք այգու նստարաններից մեկին և փորձում մի փոքր հանգստանալ: Ի՞նչ կմտածեք այդ պահին: Քիչ հետո, բոլորովին անսպասելի թիթեռնիկը հայտնվում է և նստում Ձեր ուսին: Ի՞նչ կզգաք: Ինչպիսի՞ զգացմունքներ և ապրումներ կունենաք այդ ժամանակ: Ի՞նչ կասեք ինքներդ ձեզ բարձրաձայն: Ի՞նչ խոսքերով կդիմեք Ձեզ համար այդքան անհասանելի թվացող թիթեռնիկին: Ի՞նչ կասի նա Ձեզ: Քիչ հետո նկատում եք, որ Ձեզ ինչ-որ անծանոթ անցորդ է մոտենում: Ինչպիսի՞ տեսք ունի նա: Անծանոթը նկատում է Ձեր ուսին նստած թիթեռնիկին և ասում. <<Խնդրում եմ, նրան ինձ տուր >>: Ի՞նչ կպատասխանեք Դուք: Հանկարծ թիթեռնիկը անակնկալ պոկվում է Ձեր ուսից և անհետանում հեռվում: Նկարագրեք այդ պահին ունեցած Ձեր զգացմունքները: Ի՞նչ կասեք ինքներդ ձեզ: Ի՞նչ կասեք այն անցորդին, ով խնդրեց ձեզ իրեն տալ թիթեռնիկին: Ի՞նչ կպատասխանի նա Ձեզ: Ի՞նչ կանեք Դուք այդ ամենից հետո: Ի՞նչ եք կարծում, այդ թիթեռնիկը կրկին կվերադառնա Ձեզ մոտ, թե՞ նրա փոխարեն արդեն մեկ ուրիշ թիթեռնիկ կլինի: Բանալի Թիթեռնիկ – մարդկային կյանքի շարժման և վերափոխման խորհրդանիշ: Այդ վերափոխման ժամանակ է տեղի ունենում անցումը, վերածումը տղայից տղամարդու, աղջկանից կնոջ: Այդ ամենը հնարավոր է դառնում միայն Սիրո շնորհիվ, որը միշտ անսպասելի, անակնկալ է հայտնվում մեր կյանք: Եվ միայն այդ գեղեցիկ, աստվածատուր ու վեհ զգացմունքի շնորհիվ է, որ մենք վերափոխվում ենք, վերափոխվում է մեր կյանքը, մեր պատկերացումներն ու վերաբերմունքը մեզ շրջապատող աշխարհի և նրանում կատարվող երևույթների հանդեպ: Թիթեռնիկի որս - Սիրո փնտրտուքի, որոնման խորհրդանիշ: Ձեր զգացմունքներն ու մտքերը, քանի դեռ չեն պսակվել հաջողությամբ: Այդ ամենը խոսում է Ձեր համբերատարության, սպասելու կարողության, ուժեղ կամային որակների, նպատակասլացության մասին: Թիթեռնիկը նստում է Ձեր ուսին- Սիրո այցելության, գալստյան խորհրդանիշ: Ձեր հարցը Թիթեռնիկին - խոսքեր, բառեր, որ հավանաբար կասեք Ձեր սիրելիին: Թիթեռնիկի պատասխանը- Սիրելիից ունեցած Ձեր ակնկալիքներն ու սպասումները: Ձեր գործողությունները թիթեռնիկի հետ- Ձեր վարքագիծն ու դրսևորումները առաջին ժամադրության, հանդիպման ժամանակ: Անցորդ, ով դիմում է Ձեզ թիթեռնիկն իրեն տալու խնդրանքով- անձ, որի հետ Դուք կարող եք կիսել ձեր Սերը: Այն զգացմունքները, որոնք ապրեցիք և այն խոսքերը, որոնք ասեցիք ինքներդ ձեզ թիթեռնիկի հեռանալուց հետո- Ձեր ռեակցիան այն ժամանակ, երբ Սերը կհեռանա կամ կլքի Ձեզ: Ձեր գործողությունները թիթեռնիկի հեռանալուց հետո- Ձեր հետագա գործողությունները, երբ Սերն արդեն լքել է Ձեզ: Կա'մ կմոռանաք` շարունակելով ապրել ու նոր շունչ տալ Ձեր կյանքին, կա'մ կփորձեք ամեն ինչ վերականգնել: Եթե Դուք մտածում եք, որ թիթեռնիկը դարձյալ կվերադառնա Ձեզ մոտ, ապա դա խոսում է այն մասին, որ Դուք միասեր, հավատարիմ, նվիրված մարդ եք, ով ընդունակ է զգալ, ապրել ու գնահատել ամենավեհ զգացմունքները: Դուք այդպես էլ համբերատար կսպասեք Ձեր հին սիրո վերադարձին` չնկատելով, որ Ձեզ շատ մոտ, Ձեր կողքին կա ավելի մեծ, պայծառ, անկեղծ, գեղեցիկ ու վեհ Սեր, որը Ձեր ուշադրության և փոխադարձ սիրո կարիքն ունի և պատրաստ է Ձեզ լիակատար երջանիկ դարձնել: Եթե Դուք մտածում եք, որ նախկին թիթեռնիկի փոխարեն կհայտնվի մեկ ուրիշը,Դուք վստահ եք, հավատում եք, որ կարող եք կրկին սիրել: Դուք լավատես մարդ եք` հույսով և հավատով լի: Ձեր կարծիքով` մարդը միշտ պետք է նայի դեպի առաջ, դեպի ապագան, այլ ոչ թե ապրի անցյալով և անցյալի հետ կապված հիշողություններով: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2542 |
| | |
