Սիրելի՛ս, մենք երեխա ենք ունենալու…
 

   «Ապագա մայրիկ»

Կյանքը կինո չէ, և լավն էլ, թերևս, դա է: Անփոխադարձ սեր, արյան վրեժ, ծննդաբերության ժամանակ շփոթած երեխաներ, 20 տարի անց ծնողներին գտած զավակներ… Ինչ խոսք, նման իրավիճակների նախընտրելի է ականատես լինել միայն ֆիլմերում: Բայց կան պահեր, որոնք խիստ գրավիչ կարողանում են պատկերել կինոարտադրողները: Օրինակ` կինն ասում է. «Սիրելիս, մենք երեխա ենք ունենալու»: Տղան` արցունքներն աչքերին, գրկում է նրան և ասում, թե ինչքան երջանիկ է: Եվ ապա տեսախցիկը թեքվում է` ցուցադրելով անեզր երկինքը` որպես լուսավոր ապագայի խորհրդանիշ:

 

Սիրելի՛ս, մենք երեխա ենք ունենալու…

«Ես շատ հուզվում էի, անվերջ մտածում` ինչպես ասել լուրը, ինչպես դա կընդունի Արմենը: Պատրաստեցի առանձնահատուկ ընթրիք, գնեցի շատ փոքրիկ խմորեղեններ` դնելով սեղանին: Բայց ամեն ինչ տեղի չունեցավ այնպես սրտահույզ ու ռոմանտիկ, ինչպես սպասում էի:  «Լու՞րջ ես ասում»,- հարցրեց նա: Եվ ապա ավելացրեց. «Իսկ ինչու՞ ես այդպես վստահ»: Մի խոսքով` ամեն ինչ փչացրեց: Իսկ ես կցանկանայի այդ օրը հիշել ամբողջ կյանքում»,- պատմում է Աստղիկը:

Բազմաթիվ ապագա մայրեր խոստովանում են, որ կցանկանային ամուսնու կողմից այլ վերաբերմունք, այլ պահվածք նկատել իրենց և ծնվելիք բալիկի նկատմամբ: Եվ ընդ որում` այնպիսի ընտանիքների կանայք, որոնց դեպքում երեխայի ծնունդն անակնկալ չէր, ինչը կփոխեր բոլոր ծրագրերը, այլ` երկար սպասված, ցանկալի իրադարձություն:

Հարց է ծագում` ինչու՞ է այդ կարևոր իրադարձությունը, որ պիտի միավորեր, հակառակը` պատնեշ առաջացնում ամուսինների միջև: Ո՞րն է խնդիրը: Կանա՞յք են հղի ժամանակ ավելի նեղացկոտ ու պահանջկոտ դառնում, թե՞ տղամարդիկ են չափազանց եսասեր: Եվ ով ու՞մ պետք է ընդառաջ գնա:

Ուրախություն դեմքին կարծես այդքան էլ չկա:

Տղամարդիկ ավելի զուսպ են զգացմունքների հարցում  և այլ կերպ են դրանք արտահայտում: Հիշե'ք, թե ինչպես է ձեր ամուսինը (կամ ձեզ ծանոթ այլ տղամարդիկ)  վերաբերմունք ցույց տալիս որևէ ուրախալի իրադարձության: Ամենայն հավանաականությամբ ոչ այսպես. «Վա՜յ, ինչ հրաշալի է: Թանկագինս, ես այնքան երջանիկ եմ (համբույրներ)»: Հավանաբար չի նետվում ձեզ գրկելու, վեր-վեր չի թռչում հայելու առաջ և չի շտապում զանգելու ընկերներին` լուրը շուտափույթ հաղորդելու համար: Բոլոր բառերի համար, որոնցով կանայք արտահայտում են իրենց դրական հույզերը, տղամարդիկ ունեն մեկ հոմանիշ` «Նորմալ է»: Նույն «Նորմալ է»-ն այլ երանգով նշանակում  է «Դե, ադյքան էլ նորմալ չէ», կամ «Միայն դա էր պակասում»: Եվ միայն ձեր կանացի ինտուիցիան  կօգնի հասկանալ նրա իրական վերաբերմունքը:

Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ են միանման զուսպ զգացմունքներն արտահայտելիս: Դա կապված է նաև մարդու խառնվածքի ու խանդավառության աստիճանի հետ և` անգամ նրա հետ, թե ինչպես են դաստիարակել մանուկ ժամանակ: Բայց միայն նրա խոսքերի միջոցով դատել, թե ինչ է իրականում զգում տղամարդը, շատ դժվար է, համենայն դեպս`  կնոջ համար: Ինչ վերաբերում է դեմքի արտահայտությանը, ապա զգացմունքների մեծամասնությունը (վախ, զզվանք, ուրախություն, զայրույթ, զարմանք) տղամարդկանց դեպքում հիմնականում չի արտահայտվում դիմախաղով:

Եվ ինչպե՞ս վարվել:

Կա մի արտահայտություն` «Մենք կարծես տարբեր լեզուներով ենք խոսում»: Եթե խոսքը կանանց և տղամարդկանց է վերաբերում, ապա դա մասամբ համապատասխանում է: Միևնույն բառերն ու արտահայտությունները  տղամարդն ու կինը տարբեր կերպ են ընկալում, նույն մտքերն արտահայտում բոլորովին այլ կերպ: Տղամարդու խոսքն ավելի կարճ է և ուղղակի: Նրանք ավելի շատ օգտագործում են բայեր և գոյականներ ու նախընտրում են մտորել լուռ` խոսքով արտահայտելով միայն իրենց մտորումների վերջնական արդյունքը: Կանայք երբեմն մտածում են բարձրաձայն, օգտագործում են շատ որոշիչներ, ի վիճակի են լսելու զրուցակցին և շատ նրբազգաց են զրուցակցի ձայնի երանգի փոփոխություններին: Տղամարդը հնարավոր է` չգուշակի էլ, որ իր խոսքերում ինչ-որ բան վիրավորեց կնոջը:

Ելենան պատմում է.
«Մենք նպատակ ունեինք երեխա ունենալ», և ամեն ինչ հիանալի էր: Մի օր այնպես էր ստացվել, որ տանը հյուրեր ունեինք: Տղամարդիկ մեքենաների թեման էին քննարկում, և  ամուսինս, պատասխանելով հարցին, թե ինչու մենք մեքենա չենք գնում,ասաց. «Դե, եթե երեխայի հարցը չլիներ, կարելի էր…»: Ես իմ ականջներին չէի հավատում. ինչպե՞ս կարելի էր նման բան ասել: Բնականաբար մենք վիճեցինք: Մի քանի օր իրար հետ չէինք խոսում, չնայած նա պնդում էր, որ բոլորովին վատ իմաստով չի ասել, որ ինքը նույնպես ցանկանում է երեխա ունենալ և ընդամենը ցանկանում էր ասել, որ հիմա նոր գնումների ժամանակը չէ իրենց համար: Բայց ամենասարսափելին այն է, որ երբ ծնվեց երեխան, նա նույն միտքն արտահայտեց այս անգամ համատեղ հանգիստ անցկացնելու վերաբերյալ: Այս անգամ ես չսկսեցի վիճել: Մնացած բոլոր հարցերում նա կատարյալ հայր է: Նա այնքան հաճույքով է խաղում բալիկի հետ, նույնիսկ պառկեցնում ու հեքիաթներ է պատմում: Թերևս կասեի, որ նա լավագույն հայրիկն է, եթե հաշվի չառնենք նրա արտահայտությունները»:

Պետք է փաստել, որ այն, ինչ կնոջ կողմից ընկալվում է որպես ափսոսանք,  կարող է լինել ընդամենը փաստի արձանագրում: Դա պետք է հասկանալ, բայց պարտադիր չէ դրա հետ համակերպվել: Փոխըմբռնումը  փոխադարձ գործընթաց է, և տղամարդը պետք է իմանա, թե ինչն է կնոջը դուր գալիս և ինչը` ոչ: Կանանց բնորոշ հնարքներն այս դեպքում (վիրավորանք, վեճ) ի վիճակի են տղամարդուն հասկացնելու ձեր ապրումները:

Իսկ եթե տղամարդը պատրաստ չէ հայրանալու…

Իսկ ինչպես վարվել, թե ապագա հայրիկն իսկապես այդքան էլ ուրախ չէ կատարվող իրադարձությունների համար: Սա նույնպես հնարավոր է, և այս դեպքում իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ձեր ողջ համբերությունը, ըմբռնումն ու կանացի իմաստնությունը:
«Մենք շատ ներդաշնակ հարաբերություններ ունեինք, մինչև որ ԴԱ պատահեց: Իսկ հիմա ինձ մոտ զգացողություն կա, որ ես նրան պետք էի միայն նրա համար, որ երեխա ունենար: Մենք երեխայից բացի ուրիշ ոչնչի մասին չենք զրուցում, ոչ մի տեղ չենք գնում բացի մանկական խանութներից, նա ժամերով հեռախոսով խոսում է իր ծանոթ գինեկոլոգի հետ և կարդում է ամսագրեր երեխաների մասին: Նրա տրամադրությունն այնքան արագ է փոխվում, որ ես չեմ էլ հասցնում համապատասխան վերաբերմունք ձևավորել, և այն ամենն, ինչ անում եմ, նրան գրգռում է:  Իսկապես, մեր ամբողջ կյանքը գլխովին շրջվել է: Մենք երբեք այնքան չէինք վիճել, ինչքան` հիմա: Մեկ ասում է, որ լավ կլինի առանձնանանք, մեկ մեղադրում, որ իրեն քիչ եմ ուշադրություն դարձնում: Անկեղծ ասած` երբեմն ցանկություն առաջանում է նրանից առանձնանալ առժամանակ: Չեմ պատկերացնում, թե ինչ կասեն բարեկամները, մանավանդ նրա մայրը, որն, ի դեպ, գրեթե ամբողջ օրը մեզ հետ է…»,- անկեղծանում է Հակոբը: Չնայած նրան, որ ամբողջ բեռը (բոլոր իմաստներով) կնոջ ուսերին է, հայրերը հղիությունը տանում են ոչ թեթև, եթե ոչ ավելի ծանր:

Հոգեբանական տարբերություններից մեկը կնոջ և տղամարդու միջև այն է, որ կնոջ համար ավելի է հեշտ է համակերպվել ծնողի դերին, քան տղամարդուն:

 
Սիրելի՛ս, մենք երեխա ենք ունենալու…


 Կինը մանկուց  նախապատրաստված է երեխայի մասին հոգ տանելուն. այդ մասին հոգացել է բնությունը: Երեխաները մտնում են կնոջ` ընտանիքի մասին ունեցած պատկերացման մեջ: Իսկ տղամարդուն ժամանակ է պետք, որ նա «հայր դառնա»: Նույնիսկ եթե տղամարդը ցանկանում է երեխա, դարձյալ վախ է զգում սպասվելիք փոփոխությունների նկատմամբ: Առաջին հերթին նրան վախեցնում է  պատասխանատվությունը և ազատության բացակայությունը: Երկրորդ հերթին` փոփոխությունները իր կյանքում և կողակցի հետ հարաբերություններում:  Երրորդ տեղում վախեցնող է հենց հոր նոր կարգավիճակը, որը ենթադրում է անցում մի նոր սերնդի, ինչը խանգարում է զգալ «հավերժ երիտասարդ»:

Բարեբախտաբար, տղամարդկանց մեծամասնությունը հաղթահարում են իրենց վախերը և համակերպվում նոր դերի հետ` դրականը գտնելով փոխված ընտանեկան կարգավիճակի մեջ: Եվ այս գործընթացը պետք է լինի ձեր վերահսկողության տակ, դուք ևս պետք է նպաստեք դրական տեղաշարժին: Այլ դեպքում, տխուր է բայց փաստ այն, որ ըստ վիճակագրության ապագա հայրերի մի մասը չի կարողանում հաղթահարել հղիության փորձությունները:

Պետք  է գործել անհապաղ:

Նախ այն բողոքների ցանկը, որոնք ներկայացնում են տղամարդիկ.

• Տղամարդկանց դուր չի գալիս փոխել իրենց բնականոն կենսակերպը:
• Տղամարդուն դուր չի գալիս, երբ նա տուն գալով` տեսնում ընկերուհի-խորհդատուների մի ամբողջ բազմություն, որոնք քննարկում են ծննդաբերության հարցերը:
• Տղամարդկանց ճնշում են անդադար խոսակցությունները փոքրիկների  ու առավել` հղիության ֆիզիոլոգիական կողմի մասին:
• Տղամարդիկ չեն հասկանում, թե ինչու այն, ինչ առաջ սիրում էր իրենց սիրելին, հիմա նյարդայնություն է առաջացնում:
• Տղամարդկանց պարզապես ափերից հանում է, երբ կինը աշխատանքային ամենաեռուն պահին խնդրում է անհապաղ գալ կանացի կոնսուլտացիայի կենտրոն, ինչպես նա¨ արտահայտությունն ասենք`«Դու չես էլ պատկերացնում, թե ինչ է հղի լինելը»:
• Տղամարդիկ միշտ կարիք ունեն այն ուշադրության ու հոգածության, որին սովոր էին:
• Տղամարդիկ վախենում են խոսել այդ մասին կնոջ հետ, քանի որ վախենում են վիրավորանք առաջացնել, արցունքներից ու մեղադրանքից եսասիրության մեջ:

Այսպիսով` սիրելի՛ կանայք, 

1. Փորձե՛ք ձեր մեջ հաղթահարել  ամուսնուն մեղադրելու հակումը` ծնող լինելուն ոչ պատրաստ լինելու կամ բավարար ուշադրություն չդարձնելու հարցում, թեև հիմա ամուսնու սուրբ պարտականությունն է ձեզ միշտ ուշադրութամբ ողողելը:
2. Մի’ ակնկալեք բուռն  հրճվանք երեխայի ծննդյան լուրը հայտնելիս:  Ժամանակ տվեք մարդուն ընկալելու նոր իրավիճակը:  Նրա համար դա շատ ավելի անսպասելի է, քան ձեզ համար: Եթե անգամ երկուսդ էլ նոր եք իմացել ուրախ լուրի մասին, դուք ավելի պատրաստ եք դրան:
3. Չափազանց ակտիվորեն մի’ մտեք մայրիկի դերի մեջ: Հնարավորինս պահպանեք ձեր սովորական կերպարը:
4. Ձգտե՛ք պահպանել այն պահերը, գործողությունները, որոնք յուրահատուկ ընտանեկան ծեսի էին վերածվել. օրինակ` առավոտյան համատեղ սուրճը, նախաճաշը, օրվա անցուդարձի քննարկումը և այլն:  Հետաքրքրվեք ձեր ամուսնու աշխատանքային գործերից:
5. Եթե անգամ ձեր ողջ ուշքն ու միտքը երեխայի ուղղությամբ է, պահպանեք հետաքրքրությունը այն ամենի, այն բոլոր զբաղմունքների  նկատմամբ, որոնք գրավում էին ձեզ նախկինում:
6. Մի’ մեղադրեք ձեր ամուսնուն ոչ բավարար սիրո մեջ դեպի երեխան և մի’ պարտադրեք այդ զգացումը արհեստականորեն. այն ի հայտ կգա ինքնըստինքյան: Հիմնական դեպքերում դրա համար ընդամենը ժամանակ է պետք:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/xary3/erexaenqunenalu1.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (11.09.2015) | Հեղինակ: «Ապագա մայրիկ» W
Դիտումներ: 4490 | Տեգեր: կնոջ և տղամարդու վերաբերմունքը երեխ, շուտով կծնվի երեխան, Ապագա մայրիկ, կին-ամուսին, հղիների ուղեցույց, երեխա է ծնվելու | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ