Բազմաթիվ տարիներ խաղաղ մեդիտացիայով զբաղվելով՝ ձեն վանականը հասկացավ, որ իրականում դեռ չի լուսավորվել: Գնալով Վարպետի մոտ նա ասաց.
— Խնդրում եմ Ձեզ, թույլ տվեք հեռանամ, ես լեռան գագաթին խրճիթ կգտնեմ ու կմնամ այնտեղ այնքան ժամանակ, մինչև ավարտեմ պրակտիկաս:
Վարպետը, իմանալով, որ նա հասունացել է լուսավորվելու համար, տվեց իր համաձայնությունը:
Լեռը բարձրանալիս վանականը հանդիպեց մի ծերունու, որը ներքև էր իջնում: Ծերունին մեջքին մի մեծ կապ փայտ էր կրում: Նա վանականին հարցրեց.
— Ո՞ւր ես գնում, վանական:
Վերջինս պատասխանեց.
— Գնում եմ լեռան գագաթը, այնտեղ կնստեմ ու կսպասեմ լուսավորման կամ էլ կմեռնեմ:
Եվ քանի որ ծերունին շատ իմաստուն տեսք ուներ, վանականը ցանկություն զգաց հարցնել նրան.
— Ասացեք, ով հարգարժան ծեր, իսկ Դուք որևէ բան գիտե՞ք լուսավորվելու մասին:
Ծերունին, որն իրականում Բոդհիսաթվա Մանջուշրին էր (ասում են, որ նա հայտնվում է մարդկանց, երբ նրանք պատրաստ են լուսավորվելու), իր շալակից ցած գցեց փայտի կապը, որն ընկավ գետնին: Նույն ակնթարթին վանականը լուսավորվեց:
— Ուրեմն Դուք ուզում եք ասել, որ դա շատ պարզ բան է, ընդամենը հարկավոր է ազատվել և ոչ մի բանի չձգտել:
Այնուհետև այդ հենց նոր լուսավորյալ դարձած վանականը շրջվեց ծերունու կողմն ու հարցրեց.
— Լավ, իսկ հիմա ի՞նչ:
Ի պատասխան՝ ծերունին կռացավ, նորից շալակեց փայտի կապն ու քայլեց դեպի քաղաք:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: