![]()
Հատված Անդրե Մորուայի «Նամակներ անծանոթուհուն» շարքից Պոլ Վալերին գերազանց էր դատում շատ բաների և հատկապես սիրո մասին, նրան դուր էր գալիս խոսել կրքերի մասին՝ օգտվելով մաթեմատիկական տերմիններից, նա միանգամայն իմաստաբար գտնում էր, որ արտահայտությունների ճշգրտության և զգացմունքների անորսալիության միջև եղած հակադրությունը ծնում է հուզող անհամապատասխանություն: Ինձ հատկապես դուր եկավ նրա մի ձևակերպումը, որը ես անվանեցի Վալերիի թեորեմ. «Քնքշանքի այն քանակությունը, որ ճառագայթվում ու կլանվում է ամեն օր, սահման ունի»: Այլ կերպ ասած, ոչ ոք ի վիճակի չէ ամբողջ օրը, իսկ առավել ևս շաբաթներ կամ տարիներ շարունակ ապրել քնքուշ կրքի մթնոլորտում: Ամեն ինչ հոգնեցնում է, նույնիսկ այն, որ քեզ սիրում են: Այդ ճշմարտությունն օգտակար է հիշեցնել, քանի որ շատ երիտասարդներ, ինչպես և ծերունիներ այդ մասին, հավանաբար, չեն էլ կասկածում: Կինն ըմբոշխնում է սիրո աոաջին բերկրանքը, նա համակվում է ցնծությամբ, երբ առավոտից երեկո պնդում են, թե որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն սրամիտ է նա, ի՜նչ երանություն է նրան սիրելը, ի՜նչ հրաշալի են նրա զրույցները, նա կրկնում է այդ գովերգությունն ու հավատացնում իր ընկերոջը, որ նա ամենալավ և ամենախելացի տղամարդն է աշխարհում, անզուգական սիրեկան, հիանալի զրուցակից: Թե՛ մեկին, թե՛ մյուսին դա անչափ հաճելի է: Եվ հետո ի՞նչ: Լեզվի հնարավորություններն անսահմանափակ չեն: «Սկզբում սիրահարների համար հեշտ է խոսել միմյանց հետ...— նկատել է անգլիացի Սթիվենսոնը:— Ես՝ այդ ես եմ, դու՝ այդ դու ես, իսկ մնացած բոլորը հետաքրքրություն չեն ներկայացնում»: Կարելի է հարյուր, բայց ոչ հարյուր հազար ձևով կրկնել. «Ես՝ այդ ես եմ, դու՝ այդ դու ես»: Իսկ աոջևում օրերի անվերջ շարանն է: — Ինչպե՞ս է կոչվում այն ամուսնական միությունը, երբ տղամարդը բավարարվում է մեկ կնոջով,— հարցրել է ոմն դասախոս մի ամերիկացի ուսանողուհու: — Միապաղաղ,— պատասխանել է նա: Որպեսզի մենամուսնությունը չվերածվի միապաղաղության, հարկավոր է աչալրջորեն հետևել, որ քնքշությունն ու նրա արտահայտման ձևերը հերթագայվեն որևէ այլ բանով: Սիրո զույգին պետք է թարմացնեն «ծովից փչող քամիները»՝ շփումն այլ մարդկանց հետ, ընդհանուր աշխատանքը, բարեկամները, հանդեսները: Գովասանքը հուզում է՝ ծնվելով կարծես թե պատահմամբ, ինքնաբերաբար՝ փոխըմբռնումից, անջատված բավականությունից: Դառնալով պարտադիր ծիսակատարություն՝ այն ձանձրացնում է:
Ուրեմն, եկեք զգուշանանք ուխտատեղի դարձած նստարաններից: Զգացմունքների հենց դրսևորման պահին ծնված և հորդացող քնքուշ խոսքերը սքանչելի են: Շարունակ կրկնվող արտահայտություններով քնքշությունը ջղայնացնում է: Ագրեսիվ և ամեն ինչից դժգոհ կինն արագորեն ձանձրացնում է տղամարդուն. սակայն անպահանջկոտ, ամեն ինչից պարզամտորեն հիացող կինը նույնպես երկար չի պահի իր իշխանությունը նրա նկատմամբ: Հակասությու՞ն է: Անշուշտ: Մարդը հյուսված է հակասություններից: Մերթ մակընթացություն, մերթ տեղատվություն: «Նա դատապարտված է տագնապի ջղաձգություններից շարունակ անցնելու ձանձրույթի ընդարմացմանը»,— ասում է Վոլտերը: Մարդկային ցեղի շատ ներկայացուցիչներ ստեղծված են այնպես, որ հեշտությամբ են ընտելանում սիրված լինելուն և թանկ չեն գնահատում այն զգացմունքը, որում չափազանց վստահ են: Մի կին կասկածում էր տղամարդու զգացմունքներին և իր բոլոր մտքերը կենտրոնացրել էր նրա վրա: Անսպասելիորեն նա իմանում է, որ տղամարդն իրեն փոխադարձությամբ է պատասխանում: Նա երջանիկ է, բայց, եթե տղամարդը թեկուզ օրուգիշեր անընդհատ կրկնի, որ նա կատարելություն է, նրան, թերևս, ձանձրացնի: Մեկ ուրիշ, ոչ այնքան զիջող տղամարդ գրգռում է նրա հետաքրքրությունը: Ես ճանաչում եմ մի դեռատի աղջկա, որը հաճույքով երգում էր հյուրերի առջև. նա շատ գեղեցիկ էր, և դրա համար էլ բոլորը նրան մինչև երկինք էին բարձրացնում: Միայն մի պատանի լռություն էր պահպանում: — Դե, իսկ դո՞ւք,— վերջապես չդիմացավ աղջիկը:— Ձեզ դուր չի՞ գալիս, թե ինչպես եմ երգում: — Օ՜հ, ընդհակառակը,— պատասխանեց պատանին:— Եթե դուք նաև ձայն ունենայիք, դա պարզապես հիանալի կլիներ: Հենց նրա հետ էլ աղջիկն ամուսնացավ: Մնա՜ք բարով:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1315 |
| | |