Ամուսնանալ ցանկացող երիտասարդը չսխալվելու համար դիմում է փիլիսոփային՝ խորհուրդ հարցնելով.
- Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ ապագա կինդ,- հարցնում է փիլիսոփան:
- Կուզեմ, որ կինս լինի կույս աղջիկ,- պատասխանում է երիտասարդը:
- Կույսը կիսով հասունացած ընկույզի է նման, որի միջուկի ինչպիսին լինելը չես իմանա:
- Գուցե ընտրեմ մեկին, ով արդեն ամուսնացա՞ծ է եղել:
- Բարեկամս, այրի կնոջ սերը սեր չունեցող կաթի է նման,- գլուխն օրորում է իմաստունը:
- Այդ դեպքում կնախընտրեի ունենալ խելացի կին, որը լռակյաց չլիներ:
- Ավելի նախընտրելի կլիներ, եթե նա լռել կարողանար:
- Իսկ եթե գեղեցի՞կ կնոջ հետ ամուսնանամ:
- Դժվար է պահել այն, ինչ բոլորն են սիրում ու ցանկանում:
- Այդ դեպքում կնախընտրեմ տգեղ, բայց ազնիվ սիրտ ունեցող մեկին:
- Շուտ կձանձրանաս այն բանից, որը ոչ ոքի հաճելի չէ,- հոգոց է հանում իմաստունը:
- Ուրեմն կամուսնանամ հարուստ կնոջ հետ:
- Հարուստ կանայք իշխող են լինում, ասում է փիլիսոփան,- նրանք սիրո մեջ ժլատ են, իսկ դրամապանակը միշտ փակ:
- Դե… Ինչ արած,- հոգոց է հանում երիտասարդը,- ես էլ աղքատ, բայց սիրո մեջ հարուստ մեկին կընտրեմ:
- Բայց չգիտե՞ս, որ աղքատությունը ձանձրալի է, սիրտ սառեցնող:
- Ասում են, թե երեխա սիրող կանայք բարի սիրտ են ունենում,- գյուտ արածի պես պատասխանում է երիտասարդը,- ես էլ կընտրեմ մի կին, որը կցանկանա երեխայի մայր լինել:
- Էհ, դարձյալ սխալ որոշում ընդունեցիր,- ծիծաղում է իմաստունը: Ինչ է չգիտես, որ երեխաներն իրենց հորը լծկան են դարձնում և նրա տունը խլում:
- Լավ, ուրեմն ամու՞լ կին ուզեմ:
- Ինչ արժեք ունի անպտուղ ծառը,- դառնանում է փիլիսոփան:
- Քո խրատներից եզրակացնում եմ, որ ամուսնանալ նշանակում է բաց աչքերով ջուրն ընկնել,- հուսահատված ասում է երիտասարդը,- ավելի է լավ է՝ ամուրի մնամ:
- Չամուսնացած տղամարդը անկտուր տան և անարև օրվա է նման,- հառաչում է իմաստունը:
Սրտիդ հրամանը լսիր, բայց իմացիր, որ ամեն երջանկություն իր մեջքին կրում է իր դժբախտության բեռը
Հատված Հայկ Բլբուլյանի «Գիշերային կյանք» ռադիոծրագրի ուղիղ եթերից:
Ռադիոծրագիրը նախատեսված է նախևառաջ երիտասարդ զույգերի համար, նրանց համար, ում հետաքրքիր են կին-տղամարդ «մոլորակները», սեռերի հոգեբանական-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ովքեր բազմաթիվ հարցեր ունեն՝ կապված սիրո, զգացմունքների հստակ ընկալման, ներդաշնակ շփման, ընտանեկան երջանկության, առողջ սեռական հարաբերությունների, բազմաբնույթ այլ հարցերի հետ կապված:
Սեր, սիրահարություն, կիրք, ճգնաժամային փուլերի հաղթահարում, բարդույթների ճնշում, դժվար իրավիճակներում ելքերի փնտրում... Այս ամենի շրջանակներում ձեզ փորձում ենք ներկայացնել օգտակար տեղեկատվություն:
Մեծ տեղ է հատկացվում համաշխարհային մեծությունների սիրո պատմություններին, նամականուն, նաև մեր կողքին ապրող երիտասարդների գրական ստեղծագործություններին:
«Գիշերային կյանք» ռադիոծրագրի շրջանակներում համագործակցում ենք հոգեբանների հետ:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: