Կանացի հեշտանքի խնդիրները
 

   Վրեժ Շահրամանյան

Օրգազմի (հեշտանքի) փուլի խանգարումները լայնորեն տարածված են: Կլինիկական փորձը վկայում է, որ 40-ից ցածր տարիքի այցելուների մեջ կանանց հեշտանքի խանգարումները և տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ էության, ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատներն են:
 
Կանացի հեշտանքի խնդիրները (18+)

Կանանց հեշտանքի խանգարումները, որոնք պայմանավորված են հոգեբանական գործոններով, բնութագրվում են հետևյալ ձևով. «Հեշտանքի պարբերաբար կամ մշտական արգելակում, որը դրսևորվում է սեռական գործողության ժամանակ հեշտանքի ուշացումով կամ լրիվ բացակայությամբ, երբ դրան նախորդում է բժշկի կողմից իբրև ադեկվատ գնահատված գրգռանքի փուլը»:

Այս վիճակը չի համապատասխանում նախկինում լայնորեն կիրառվող «ֆրիգիդություն» ախտորոշմանը, քանի որ նման կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու: Սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգռվելու և ունենալու հեշտոցի խոնավացում' իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա: Այլ խոսքով ասած, սեռական ցիկլի սկզբնական երկու, այն է' ցանկության և գրգռման փուլերը, խանգարված չեն, և միակ ներկայացվող գանգատը հեշտանքի հասնելու դժվարությունը կամ անկարողությունն է:

Կանանց հեշտանքի շեմը ունի տարբեր մակարդակներ.

1. Փոքր թիվ կազմող որոշ կանայք կարող են հեշտանք ունենալ առանց սեռական օրգանների անմիջական տակտիլ գրգռման. բավարար է էրոտիկ երևակայությունը կամ կրծքագեղձերի համբուրումը և գրգռող շոշափումը:

2. 20-30% կանայք ունակ են սեռական հարաբերության ընթացքում հասնելու հեշտանքի միայն հեշտոցային գրգիռների կուտակման արդյունքում (հեշտոցային հեշտանք) առանց ծլիկի որևէ գրգռման:

3. Հաջորդաբար գալիս է այն կանանց խումբը, ովքեր ի վիճակի են հասնելու հեշտանքի, եթե սեռական հարաբերությունը պարտադիր ուղեկցվի ծլիկի անմիջական գրգռմամբ (խառը' հեշտոցա-ծլիկային կամ միայն ծլիկային հեշտանք):

4. Հետևյալ խմբի կանայք չեն կարող հասնել հեշտանքի սեռական հարաբերության ժամանակ, նույնիսկ եթե այն ուղեկցվում է ծլիկի գրգռմամբ: Սակայն առանձին լինելու դեպքում, առանց զուգընկերոջ ներկայության, էրոտիկ երևակայությունների և ձեռնաշարժության միջոցով նրանք կարող են հեշտանք ունենալ:

5. Վերջին խմբի կանայք բացարձակ անօրգաստիկ են և երբևէ հեշտանք չեն ունեցել:

Ըստ ամերիկյան մի հետազոտության տվյալների (1973)` ամերիկուհիների մոտավորապես 8%-ը այս խմբում են:
 
Վերջին երկու տարբերակները որոշակի վերապահումով համարվում են ախտաբանական, և այդ կանանց կարելի է առաջարկել բուժում: Բուժման ենթակա են նաև հեշտանքի այն խանգարումները, որոնք իրավիճակային են, այսինքն հեշտանքն առաջանում է միայն որոշակի պայմաններում:

Հոգեվերլուծությամբ զբաղվող որոշ մասնագետներ գտնում են, որ բուժման անհրաժեշտություն կա նաև այն դեպքերում, երբ առնանդամի ներթափանցման ժամանակ հեշտանքն անհնարին է առանց ծլիկի լրացուցիչ գրգռման: Այնուհանդերձ, ժամանակակից սեքսոլոգիայում մասնագետների միջև գոյություն ունի փոխհամաձայնություն այն հարցի շուրջ, որ հեշտանքի հասնելու համար ծլիկի լրացուցիչ գրգռման պահանջը նորմայի սահմաններում է, և նմանատիպ կանայք ենթակա չեն բուժման:

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտանք չունեցող որոշ կանայք համապատասխան բուժման արդյունքում կարող են ձեռք բերել այդ ունակությունը, ուստի պետք է ստանան համապատասխան բուժման հնարավորություն, մինչդեռ որոշ կանանց բուժելը իմաստ չունի: Այսինքն՝ հեշտանքի խանգարումը բուժելու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը պարզ է դառնում այցելուի հետազոտության ժամանակ:

Կանանց և տղամարդկանց կողմից հեշտանքի խանգարումներին տրվող հուզական պատասխանները տարբեր են: Ի տարբերություն տղամարդկանց՝ որոնց մեծ մտահոգություն է պատճառում սերմնաժայթքման բացակայությունը սեռական գրգռվածության գագաթնակետին, որոշ կանանց մոտ հեշտանքի բացակայությունն ամենևին չի առաջացնում դժգոհության և սեռական անբավարարվածության զգացում. նրանց չի անհանգստացնում սեռական գրգռման հետևանքով փոքր կոնքում ի հայտ եկած լարվածության և անհարմարավետության զգացումը: Իհարկե, որոշ դեպքերում սա մերժողական պատասխանի արդյունք է, սակայն կան նաև կանայք, որոնք իսկապես սեռական բավարարվածություն են ապրում հեշտանքի բացակայության պարագայում: Սա չի կարելի միանշանակ գնահատել որպես ախտաբանական պասիվության նշան:

Կնոջ կարծիքը այս հարցի շուրջ պետք է հաշվի առնել և հարգել: Այս կանայք ոչ մի դեպքում չպետք է պարտադրվեն բուժման իրենց ամուսինների կամ «լավագիտակ» մասնագետների կողմից: Ինչևէ, որոշ կանայք այն աստիճան են սևեռվում իրենց այս վիճակի վրա, որ երբեմն հասնում են հուսահատության: Նրանք գանգատվում են փոքր կոնքում անհարմարավետության, լարվածության զգացումից և բարկանում են իրենց զուգընկերոջ վրա, քանի որ սեռական հարաբերությունը վերջինիս համար միշտ ավարտվում է հեշտանքի բերկրալից զգացումով, ինչից իրենք անարդարացիորեն զրկված են:

 
Կանացի հեշտանքի խնդիրները (18+)

Երբեմն զուգընկերը կարող է ավելի մտահոգված լինել կնոջ հեշտանքի խանգարման կապակցությամբ, քան ինքը' կինը: Զուգընկերը կարող է եզրակացնել, որ դրանում կա իր մեղքի բաժինը: Սա հաճախ պատահում է այն դեպքերում, երբ տղամարդը հանիրավի կարծում է, որ կնոջ հեշտանքի պատասխանատուն ինքն է և չի կարողացել կնոջը տալ այն, ինչ պարտավոր է: Նման մտածելակերպը հղի է տղամարդու մոտ թերարժեքության բարդույթի առաջացման վտանգով և սեռական խանգարման զարգացման համար նպաստավոր հող է ստեղծում:

Զուգընկերոջ վերաբերմունքը կարևոր ախտորոշիչ չափանիշ է: Թեև նա մեղավոր չէ զուգընկերուհու հեշտանքի խանգարման համար, բայց նրա բացասական և ճնշող վարքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ բուժման ճանապարհին, մինչդեռ նրա աջակցությունը և համագործակցությունը արժեքավոր ներդրում կլինեն բուժման մեջ:

Տարբերում են հեշտանքի առաջնային և երկրորդային խանգարումներ: Առաջնայինն այն է, որ կինը երբևիցե հեշտանք չի ունեցել, իսկ երկրորդայինի դեպքում' նախկինում առանց որևէ դժվարության հեշտանքի հասնող կինը ինչ-որ պատճառներով զրկվել է այդ ունակությունից:

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Ընդհանուր առմամբ, կնոջ հեշտանքը կարող է խանգարվել միայն եզակի հիվանդությունների և դեղամիջոցների պատճառով: Այս համախտանիշը հիմնականում ունի հոգեբանական արմատներ:

Հեշտանքի խանգարումից գանգատվող կանանց համարյա կեսը ի վիճակի են հեշտանք ունենալ ձեռնաշարժության ժամանակ և չեն հաջողում հեշտանքի հասնել զուգընկերոջ հետ սեռական հարաբերության ընթացքում: Այս դեպքերում ֆիզիկական պատճառներ փնտրելը նպատակահարմար չէ: Սակայն կինը, որ երբևիցէ որևէ պայմանում չի հաջողել հեշտանք ունենալ, պետք է բժշկական հետազոտություն անցնի բացառելու համար այն հիվանդագին վիճակները, որոնք կարող են բերել դրան: Ախտածին գործոնների դերը չի բացառվում նաև հեշտանքի երկրորդային խանգարման պարագայում:

Դեղամիջոցներից հեշտանքի խանգարում կարող են առաջացնել այնպիսիները, ինչպիսիք են ՄԱՕ-ինհիբիտորները (հակադեպրեսանտներ) և ալֆա-ադրենոբլոկատորները (հակահիպերտենզիվներ):

Հեշտանքը կարող են ուշացնել կամ անհնարին դարձնել հետևյալ ախտաբանական վիճակները.

 
 
1. ծլիկի բնածին անոմալիաները,

2. ծլիկի ֆիմոզը,

3. նյարդային դեգեներատիվ հիվանդությունների, տրավմաների, ուռուցքային պրոցեսների հետևանքով հեշտանքի ռեֆլեքսն ապահովող նյարդային ուղիների և ողնուղեղային կենտրոնների ախտահարումը,

4. սեռական օրգանների վիրահատական վնասումները (ուռուցքային հիվանդությունների ռադիկալ վիրահատումներ),

5. շաքարային դիաբետի հետևանքով ծլիկի նյարդերի դեգեներատիվ փոփոխությունները:

Վերոնշյալ դեպքերում հիվանդության հիմնական նշանների առկայությունը տարբերակիչ ախտորոշման հավաստի հիմք են հանդիսանում:

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հեշտանքի առաջնային խանգարման գործում օրգանական գործոնը ցածր հավանականություն ունի: Ուստի, երբ հետազոտության ընթացքում բացառվում է որևէ սպեցիֆիկ հիվանդության կամ դեղորայքի հնարավոր ազդեցությունը, և սեռական օրգանների անատոմիան նորմայի սահմաններում է, այցելուին անմիջապես ցուցվում է հոգեթերապիայի կուրս, որն այս պարագայում ամենաարդյունավետ բուժական միջոցն է: Իսկ եթե կինը նախկինում հեշտանքի հետ կապված խնդիրներ չի ունեցել և այժմ էլ չկա հեշտանքը խաթարող հոգեբանական որևէ լուրջ պատճառ, ապա ամենայն հավանականությամբ հեշտանքի խանգարումը հետևանք է որևէ բժշկական խնդրի: Այս դեպքում զգուշորեն պետք է բացառվեն վերոնշյալ օրգանական պատճառները, ներառյալ շաքարային դիաբետը, բազմակի սկլերոզը, ողնուղեղի ուռուցքային և դեգեներատիվ հիվանդությունները:

Կնոջ հեշտանքի խանգարման հիմնական հոգեբանական մեխանիզմը սեռական հարաբերության ժամանակ օբսեսիվ ինքնազննումն է, որը հեշտությամբ արգելակում է հեշտանքի ռեֆլեքսի թողարկումը:

Մյուս հիմնական պատճառն այն է, որ այցելուն չի ստանում բավարար սեռական գրգռում, հատկապես ծլիկի շրջանում: Սա պատահում է այն զույգերի մոտ, ովքեր սխալմամբ կարծում են, թե կնոջ հեշտանքի առաջացման համար բավարար է ընդամենը առնանդամի ներթափանցումը հեշտոց, առանց սիրային նախերգանքի և ծլիկի գրգռման: Այլ դեպքերում, ամոթի և անապահովության զգացումից դրդված կինը չի ասում զուգընկերոջը, թե հատկապես ինչ է իրեն հարկավոր սեռական գրգռման և հեշտանքի հասնելու համար:

Հեշտանքի խանգարում ունեցող որոշ կանայք ի վիճակի չեն էրոտիկ երևակայության: Մյուսները նշում են, որ սեռական հարաբերության ժամանակ տարվում են անցանկալի և անիմաստ մտքերով: Այլ դեպքերում' ծլիկի շոշափումը չեզոք և նույնիսկ տհաճ զգացողություններ է առաջ բերում, որը նյարդայնացնում է կնոջը: Կարելի է եզրակացնել, որ նման կանայք էրոտիկ զգացողությունների դեմ զարգացրել են պաշտպանական մեխանիզմներ և վախենում են իրենց ազատություն տալ' սեռական գրգռմանը տրվելու և անկաշկանդորեն վայելելու սեռական հաճույքը (վախ ինքնատիրապետումը կորցնելու վտանգից, վախ ինտիմությունից):

Զուգընկերոջ հետ հաղորդակցվելու անկարողությունը նույնպես խոչընդոտում է հեշտանքի առաջացմանը: Հաղորդակցության անկարողության հիմքում ընկած խորը ներհոգեբանական կոնֆլիկտները կարելի է բացահայտել' տվյալ կնոջ հայրական տանը տիրած բարքերի, նրա հոգեսեռական զարգացման ընթացքի, ինչպես նաև զուգընկերոջ հետ ունեցած միջանձնային հարաբերությունների մասին զրույցների միջոցով: Մանկության տարիներին  ձեռնաշարժության և սեռական այլ դրսևորումների դեմ ծնողների խստիվ արգելքները և բացասական վերաբերմունքը ներհոգեբանական կոնֆլիկտների աղբյուր են: Այդպիսի կոնֆլիկտներ հաճախ են տեղ գտնում սեռական խանգարումով կանանց փսիխոսեքսուալ զարգացման պատմության մեջ: Այս կանանցից շատերը թշնամական կամ օտարոտի հարաբերություններ ունեն իրենց մայրերի հետ, որոնց կողմից նրանք երբեք խրախուսանք չեն ստացել իրենց արթնացող սեռականության վերաբերյալ:

 
Կանացի հեշտանքի խնդիրները (18+)


Կանանց սեռական խանգարումների առաջացման հիմքում հոգեվերլուծությունը նշանակալի դեր է տալիս անգիտակից նևրոտիկ գործընթացներին (էդիպյան բարդույթ): Ըստ հոգեվերլուծական տեսանկյունի՝ սեռականության դեմ պաշտպանական մեխանիզմների հիմքում ընկած են «հայրական արտացոլանքները», որի արդյունքում կինը զուգընկերոջ մեջ տեսնում է իր հորը: Իրականում, շփման և սեռական խանգարումներ ունեցող որոշ կանանց հարաբերությունները իրենց հայրերի հետ ակնհայտորեն փակ են կամ կրում են երկակի բնույթ:

Հաճախ տղամարդկանց հետ այս կանանց ընթացիկ հարաբերություններում նկատվում է հաճույքի զգացման արգելակումներ, մտերմության և հավատի դրսևորման ամբիվալենտություն: Որոշ կանայք տղամարդկանց հետ մրցակցության մեջ են մտնում և զուգընկերոջ նկատմամբ ունենում են անվստահության, վախի և երկմտանքի պահեր: Սա կարող է արդյունք լինել կանանց ձեռքբերումների հանդեպ հասարակության, հատկապես տղամարդկանց անարդարացի վերաբերմունքի, ինչը կնոջ մոտ ծնում է բարկության և ագրեսիայի դրսևորումներ դեպի տղամարդը:

Հեշտանքի խանգարման պատճառ է նաև ինքնակառավարումը ոչ մի գնով չթուլացնելու հակվածությունը, ինչը թույլ չի տալիս կնոջը անմնացորդ տրվել տղամարդուն:

ԲՈՒԺՈՒՄԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԵԼՔԵՐԸ

Հեշտանքի խանգարման բուժումը պետք է նպատակաուղղված լինի անհիմն վախերի և սխալ պատկերացումների ուղղմանը: Այն պետք է օգնի կնոջը բարձրացնելու իր հաստատակամությունը (պնդելու իր ցանկությունները) և սեռական նախաձեռնությունը: Կնոջ մեջ պետք է ամրացնել այն համոզմունքը, որ սեռական ակտիվությունը հավասարապես ծառայում է իր հաճույքին: Մի քանի սեռական վարժությունների միջոցով կինը կարող է ճանաչել իր սեռական նախընտրությունները և պատասխանները, սեռական բավարարվածության հասնելու միջոցները:

Հեշտանքի խանգարումները կանանց մոտ բուժվում են մեծ արդյունավետությամբ: Գրեթե բոլոր ընդհանրապես անօրգաստիկ կանայք կարող են տիրապետել հեշտանքի հասնելու «գաղտնիքին», նույնիսկ եթե խանգարման հիմքում ընկած են խորը ներհոգեբանական և միջանձնային խնդիրներ: Բուժման արդյունավետության կանխատեսումը փոքր-ինչ դժվար խնդիր է, քանի որ այն կախված է զույգի փոխհարաբերությունների բնույթից և երբեմն կարող է պահանջել ավելի բարդ ու երկարատև բուժում' ընդգրկելով նաև զուգընկերոջը:

 
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
բժիշկ-սեքսապաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու,
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս


 


Կինը կարող է օրգազմ ստանալ անգամ համբույրից
 

 

 


«Ուժեղ գրգռվում եմ, բայց հեշտանք չեմ կարողանում զգալ». Միայն կանանց համար 


 
Խորհուրդներ կանանց՝ ինչպես ապրել լիարժեք օրգազմ

 
Օրգազմի տեսակները. կանանց անկյուն
 
 
Դու կարող ես զգալ լիարժեք օրգազմ, եթե...

 

Փաստեր օրգազմի մասին, որոնք գուցե չգիտեիր

777



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/kanaciorgazm1.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (11.11.2013) | Հեղինակ: Վրեժ Շահրամանյան W
Դիտումներ: 13513 | Տեգեր: ներդաշնակ շփում անկողնում, որակյալ սեքս, սեքսի գաղտնիքներ, բավարարել կնոջը, սեքսի ուղեցույց, սեքս անել, սեքս, լինել լավ սիրեկան, բավարարել տղամարդուն | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ