Մինչամուսնական մտերմության դերը հետագա համատեղ կյանքում
 

   Լիանա Մանուկյան

Իհարկե, ամուսնական հարաբերությունների ներդաշնակությունը, ամուսնական զույգի կայունությունը և բարեկեցությունը պայմանավորված են բազմաթիվ գործոններով. ինչպիսիք են` ամուսնությանը բարոյահոգեբանական և կրթական պատրաստվածությունը, ամուսնության դրդապատճառների բնույթը, ամուսինների կողմից ընտանիքի դերային համակարգի հոգեբանական ըմբռնումը, ամուսինների արժեքային ուղղվածությունները և այլն…
 
 
Իսկ ինչ վերաբերում է մինչամուսնական մտերմությանը, ապա սա յուրօրինակ հնարավորություն է ընձեռում ճանաչել ապագա զուգընկերոջը, հնարավորինս հստակեցնել և ստուգել  ամուսնության կնքման որոշումը և ծրագրել հետագա համատեղ ընտանեկան կյանքը: Որպես այսպիսին` մինչամուսնական մտերմությունը կարծես իր վրա է վերցնում ներդաշնակ ընտանիքի ստեղծման պատասխանատվությունը:
 
Եվ այսպես.       
 
Ըստ Մուրսթեյնի` ամուսնական զուգընկերոջն ընտրելիս գործում են հետևյալ սկզբունքները.
 
1-ին փուլ` դրդում - այստեղ էական դեր են խաղում այնպիսի գործոններ, ինչպիսիք են արտաքին գրավչությունն ու վարքագիծը, կարևորվում է նաև այն, թե այդ բնութագրերը ինչպես են գնահատվում շրջապատողների կողմից:
 
2-րդ փուլ` արժանիքներ այստեղ կարևորվում է հետաքրքրությունների, տեսակետների և արժեքների ընդհանրությունը:
Զուգընկերները ծանոթության ժամանակ ճանաչում են միմյանց, ստանում ինֆորմացիա իրենցից յուրաքանչյուրի արժեքների և հետաքրքրությունների մասին: Եթե այստեղ դրսևորվում են էական տարբերություններ և հայտնաբերված թերություններ չեն փոխհատուցվում ինչ- որ արժանիքներով, ապա զուգընկերները բաժանվում են` համարելով, որ չեն համապատասխանում միմյանց:
 
3-րդ փուլ` դեր - այստեղ գնահատվում է դերերի համատեղելիությունը, այսինքն` զուգընկերները պարզում են, թե կարող են արդյոք ամուսնական միությունում գրավել փոխադարձ լրացնող դերեր, որը նրանց հնարավորություն կտա  բավարարել իրենց պահանջմունքները: 
 
Հաղորդակցումը և միջանձնային հարաբերությունների հաստատումը հնարավորություն է տալիս զուգընկերներին գնահատել ինչպես իրենց պահանջմունքների և բնավորությունների համընկնելիությունը, այնպես էլ դրանց փոխլրացման հնարավորությունը:
 
Ընդ որում  բոլոր փուլերում գործում է «փոխանակման համաչափելիություն» սկզբունքը: Միայն այն դեպքում է հավասարակշռություն ձեռք  բերվում, երբ այդպիսի փոխանակումը զուգընկերների տեսանկյունից հանդիսանում է համարժեք: 
Օրինակ` տղամարդու ոչ բավականաչափ արտաքին գրավչությունը կնոջ աչքերում կարող է հավասարակշռվել նրա լավ նյութական դրության, ուշադիր ու հոգատար լինելու հետ և այլն:
 
Մինչամուսնական շրջանի երեք կարևորագույն ֆունկցիաներն են.
 
Մինչամուսնական մտերմության դերը հետագա համատեղ կյանքում
 
1. Համատեղ ապրումների և տպավորությունների կուտակում:           
 
Մինչամուսնական շրջանում է, որ ստեղծվում է հետագա ընտանեկան կյանքին անհրաժեշտ հուզական յուրօրինակ պոտենցիալ, զգացմունքների պաշար, որից ամուսինները ուրախություն և ուժ կքաղեն ամուսնության դժվար պահերին:
 
Սիրո գարունը անհրաժեշտ է նրա համար, որ նրա անխուսափելի աշունը չհանդիսանա  ճակատագրական ամուսնության համար, որ ընտանեկան ամռան պտուղները` երեխաները, ընկալված լինեն ոչ թե որպես սիրային հարաբերությունների ավարտ, այլ որպես նրանց բնականոն հետևանք և միաժամանակ համատեղ կյանքի նոր, նույնքան հրաշալի փուլի սկիզբ:
 
Դիմելով մինչամուսնական մտերմության ռոմանտիկ շրջանին` սեփական զգացմունքները թարմացնելու ընդունակությունը, ամուսնության ցանկացած շրջանում միմյանց նկատմամբ պատանեկան հափշտակվածությունը վերադարձնելը  երկարատև և երջանիկ ընտանեկան կյանքի կարևոր պայմաններից մեկն է:  
 
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել հատկապես տպավորությունների համատեղության խնդիրը, այլապես, ամուսիններն իրենց կյանքի դժվար պահերին կդիմեն ոչ թե ընդհանուր, այլ անհատական լուսավոր անցյալին` դրանով իսկ իրենց ենթարկելով մտավոր միայնակության երկուսով, ինչը երբեք անհետք չի անցնի ամուսնական միության համար:
 
2.  Միմյանց ճանաչում և ընդունված որոշման հստակեցում և ստուգում:  
 
Ամուսինների` միմյանց ճանաչելու փուլում մեծ նշանակություն է ձեռք բերում ընտանեկան ներդաշնակության թերևս երկու կարևորագույն գործոնների` ամուսնական համատեղելիության և միմյանց զգացմունքների ստուգման խնդիրը:
Ամուսնական համատեղելիությունը ամուսնական զույգի կայունության և բարեկեցության կարևոր պայման է:  Առանձնացվում է ամուսնական համատեղելիության հետևյալ հիմնական ասպեկտները.
Անհատական համատեղելիություն: 
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը բնորոշում է ամուսինների խառնվածքի, բնավորության  համապատասխանությունը:
 
Խառնվածքը մարդու վարքում նյարդային համակարգի հատկությունների`գրգռման և արգելակման պրոցեսների ուժի, հավասարակշռության և շարժունության   դրսևորումն է, որը պայմանավորում է հոգեկան գործունեության դինամիկան: 
    
Իսկ բնավորությունը անհատի մեջ ձևավորված հոգեկան հատկությունների համակարգ է, որը դրսևորվում է տարբեր իրադրություններում որոշակի գործողություններ կատարելու միտումների ձևով:
 
Խառնվածքն անհատի բնավորության ձևավորման հոգեֆիզիոլոգիական,         ժառանգական հիմքն է:
Ամուսինների անհատական համատեղելիության հիմնական օրինաչափությունը ամուսինների խառնվածքային հատկությունների փոխադարձ լրացումն է /սանգվինիկ- մելանխոլիկ, ֆլեգմատիկ-խոլերիկ/ և բնավորության առանձնահատկությունների նմանությունը:  
Մինչամուսնական շրջանում անհրաժեշտ է ակտիվորեն ծրագրել պայմանների և հանգամանքներ, որրոնցով կարող են դրսևորվել հետագա ընտանեկան կյանքի համար անհրաժեշտ զուգընկերոջ այնպիսի որակները, ինչպիսիք են` համակերպվողությունը, համագործակցությանն ու փոխզիջման պատրաստ լինելը, փոխադարձ լրացումը, համբերատարությունը, զսպվածությունը, ինքնադաստիարակման ընդունակությունը և այլն:
 
3. Ֆունկցիոնալ-դերային սպասումների համատեղելիություն: 
 
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը ենթադրում է ինչպես ընտանիքի ֆունկցիաների վերաբերյալ ամուսինների պատկերացումների համաձայնեցվածություն, այնպես էլ այդ ֆունկցիաներն իրականացնելիս նրանց դերային սպասումների և հավակնությունների համաձայնեցվածություն:
Թեև`  սիրահարների և անգամ հարսնացուի միջև հարաբերությունները միևնույն է իրենց բնույթով տարբերվում են կին և ամուսին փոխհարաբերություններից, որը ենթադրում է ընտանեկան ֆունկցիաների իրագործման պատրաստակամություն: 
 
Մինչամուսնական մտերմության դերը հետագա համատեղ կյանքում
 
Սակայն դեռ մինչ ամուսնությունը զուգընկերների կողմից վերլուծվում է ամուսնության և ընտանիքի վերաբերյալ իրենց ունեցած պատկերացումները, ուշադրություն է դարձվում փոխհարաբերությունների և հաղորդակցման տիրապետող ոճին, նրան, թե ինչքանով է դա ընդունելի հետագա ընտանեկան կյանքի համար, ուշադրություն է դարձվում կոնֆլիկտները հաղթահարելու միմյանց ընդունակությանը, քանզի տարաձայնություններն ընտանիքում անխուսափելի են:
 
4. Հոգևոր համատեղելիություն
 
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը բնութագրում է   ամուսինների վարքի նպատակը ենթադրող բաղադրիչների `դիրքորոշումների, արժեքային ուղվածությունների, պահանջմունքների, հետաքրքրությունների, հայացքների, գնահատականների, կարծիքների համաձայնեցվածություն:
      
Հոգևոր համատեղելիության հիմնական օրինաչափությունը ամուսինների հոգեկերտվածքի նմանությանը, համընկնելիությունն է:
 
Այսպիսով, մինչամուսնական շրջանում մեծ կարևորություն է ստանում ապագա ամուսինների` միմյանց ճանաչելու խնդիրը` որպես ճիշտ որոշման հիմք:Իսկ ինչ վերաբերում է զուգընկերների զգացմունքների ստուգման խնդրին, ապա այստեղ կարևորվում է սերն ու սիրահարվածությունը միմյանցից տարանջատելու անհրաժեշտությունը: 
     
Այսպես, ըստ հին «Դեղձենու ճյուղեր» տրակտատի` 
 
«Մարդու հակումներն ունեն 3 աղբյուր` հոգի, բանականություն և մարմին: Հոգու հակումները ծնում են ընկերություն: Բանականության հակումները ծնում են հարգանք: Մարմնի հակումները ծնում են ցանկություն: Երեք հակումների միացումը ծնում է սեր»:
 
Եվ, քանի որ հուզական կապվածությունը հիմնվում է միայն հակումներից մեկի` հարգանքի, ընկերության կամ ցանկության վրա,ապա սիրահարվածությունը սիրուց տարբերվում է նրանով, որ նրանում այդ միաձուլումը չկա: Բացի այդ, անհրաժեշտ է նաև հիշել, որ սերը դրսևորվում է անմնացորդ և կարևորը գործուն ինքնանվիրման մեջ առօրյա բոլոր ոլորտներում, ինչի համար անհրաժեշտ է որոշակի «կողքից հայացք»:
 
Ինչ վերաբերում է մինչամուսնական շրջանի տևողությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ մինչամուսնական շրջանի ինչպես չափազանց կարճ, այնպես էլ չափազանց երկար տևողությունը հետագա ամուսնական հարաբերությունների համար ռիսկի գործոն է: Մինչամուսնական հարաբերությունների կարճատև շրջանը ոչ բավականին է իրազեկիչ և չի նպաստում ամուսնական զուգընկերոջը լավ ճանաչելուն: Երկարատև շրջանը բերում է սեռական գրավչության նվազեցմանը, իջնում է միջանձնային հարաբերությունների նորությունն ու հետաքրքրությունը
 
Այսպիսով, վիճակագրական հաշվարկները ցույց են տալիս, որ, որպես կանոն, սիրահետման օպտիմալ շրջանը կազմում է մոտավորապես 1-1.5տարի: Մինչև ամուսնության կնքումը սիրահետման շրջանի 3տարուց ավելի լինելը բերում է ամուսնական միության կայունության իջեցմանը
 
Սակայն, անհրաժեշտ է նշել, որ  դժվար է խոսել մինչամուսնական շրջանի օպտիմալ ժամանակի մասին, քանզի որոշիչ նշանակություն ունի ոչ թե հաղորդակցման տևողությունը, այլ փոխհարաբերությունների որակը, դրանց հաճախականությունն ու բովանդակությունը, մինչամուսնական շրջանի կենսակարևոր իրադարձությունների հագեցվածությունը, այսինքն` ծանոթության հոգեբանական ժամանակը:
     
Այսպիսով, մինչամուսնական մտերմությունը ապագա ամուսիններին հնարավորություն է ընձեռում   ճանաչել միմյանց,  հնարավորինս հստակեցնել և ստուգել ամուսնության կնքման որոշումը, ծրագրել հետագա ընտանեկան կյանքը, և դրանով իսկ կանխորոշել  ընտանեկան  ներդաշնակությունը:
 
 
 
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol4/minchamusnakanmtermutyun1.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (11.11.2013) | Հեղինակ: Լիանա Մանուկյան W
Դիտումներ: 5534 | Տեգեր: ներդաշնակ զույգ, բնավորությունների համապատասխանությո, կին-տղամարդ շփում, Երկուսով, հարաբերությունների գաղտնիքներ, ներդաշնակ շփում | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ