![]()
  «RBA» ամսագիր Հայ կանանց մինչամուսնական սեքսի հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է: - Կարո՞ղ ես ասել, թե ինչու՞ չես ամուսնանա արդեն սեռական ակտ ունեցած աղջկա հետ: - Բացատրե՞մ. կինը սրբություն է ամեն ինչով: - Ինչո՞վ է սրբություն, կինը սովորական ֆիզիոլոգիական էակ է: - Զգայական առումով ես չեմ կարող նման աղջկա դիպչել, չեմ կարող նման աղջկա հարգել, որովհետև դա ֆիզիկական թուլություն է, մարմնական թուլություն է, հոգևոր աշխարհ չունենալու հետևանք է: Համակուրսեցի տղայի ու աղջկա միջև այս թեժ զրույցը ծավալվեց, երբ թեմայի հետ կապված հարց տվեցինք ԵՊՀ ուսանողներին: ![]() Քսանամյա Եվան կարծում է, որ պետք է վայելել կյանքը, քանի դեռ երիտասարդ ես: Ապագա բանասերն ասում է, որ հաճախ է տուն վերադառնում կեսգիշերից հետո, և իրեն բոլորովին չի հետաքրքրում հարևանի կարծիքը: Նա չի ամաչում նաև ընդունել, որ սեռական հարաբերություն է ունենում իր զուգընկերոջ հետ, ինչն արել է նաև մայրը մինչ ամուսնանալը: «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում», _ ասում է նա: - «19 տարեկանից ընկեր ունեմ և ուզում եմ նրան ավելի լավ ճանաչել` համոզված լինելու համար, որ կյանքիս կեսն է»: Ոչ բոլոր հայ կանայք են Եվայի պես համարձակ: 19-ամյա Արմենուհին, լինելով ավանդույթի հետևորդ, բացառում է մինչամուսնական սեռական հարաբերությունները. «Իմ կարծիքով` եթե ապրեի արտասահմանում, այնքան էլ բացասաբար չէի վերաբերվի այս երևույթին: Բայց այստեղ եթե աղջիկն արդեն սեռական կապ է ունեցել, չեմ կարծում, թե որևէ տղամարդ կհամաձայնվի նրան կնության առնել, աղջիկն էլ ստիպված պետք է ընտրի այն տղային, ում հետ ունցել է այդ հարաբերությունը և ամուսնանա նրա հետ»: Այս տեսակետին է հարում նաև 22-ամյա Նաիրին: Նա վստահ է, որ տղաներին էլ մինչև ամուսնանալը պարտադիր չէ փորձառու լինել. «Ամուսնանալուց առաջ, եթե ուզում եք իմանալ, ես ինձ շատ զուսպ եմ պահել, և շատ-շատերն են ծաղրել, թե դու ինչ տղամարդ ես: Բայց իմ համար տղամարդը նա չի, ով հազար կնոջ հետ է լինում, այլ ով մենակ իր կնոջ հետ է լինում, իսկ կինը կարող է լինել և՛ սիրուհի, և՛ կին, և՛ մայր»: Ըստ հոգեբան Նաիրա Ալեքսանյանի` տղամարդկանց մինչամուսնական հարաբերությունները խրախուսվում են: «Ես գիտեմ դեպքեր, երբ հայրերն են իրենց տղաներին տանում ամուսնությունից առաջ փորձարկման և օգնում են այդ փուլն անցնելու, իսկ աղջիկներն առագաստ պետք է մտնեն մաքրամաքուր. այստեղ կա խտրականության խնդիր»: Մաքրության մասին նման պատկերացումները հայ հասարակության մեջ զարմանք չեն առաջացնում: Ընդհակառակը. տղաները խրախուսվում են սեռական հարաբերություններում փորձառու լինել, իսկ կանանց դեպքում մինչամուսնական սեռական հարաբերությունները հաճախ դատապարտվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց կողմից: ![]() Աղջիկները վախենում են «տանը մնալ», տղաներն «անարատ» մայր են ուզում իրենց ապագա երեխաների համար, սկեսուրներն էլ պահանջում են, որ հարսները «նամուսով» լինեն, այնպիսին, ինչպիսին իրենք էին իրենց ամուսնության օրը: Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Արա Գուլյանն ասում է. «Դարերից եկել ու առ այսօր պահպանվել է այն, որ հայերը արժեքավոր են համարում կնոջ օրիորդ լինելը: Սա մի ամբողջ երկու գերդաստանների միավորման, բարեկամության հիմք է»: Սակայն հոգեբան Նաիրա Ալեքսանյանն էլ ասում է, որ ավանդույթները ժամանակի ընթացքում խեղաթյուրվում են. «Մեր ժամանակներում ավանդույթը շատ ավելի տգեղ էր: Սավանների ցուցադրում, ցերեկային ժամերին ստիպողաբար մեծերը նստում էին մի սենյակում, զույգին ուղարկում էին կողքի սենյակ, ստիպում, որ հարաբերություն ունենան: Երիտասարդ զույգը, որ գիտի` կողքի սենյակում սպասում են իրենց գործողության ավարտին, հոգեբանական լուրջ տրավմա կարող է ստանալ»: Սակայն ի տարբերություն նախորդ սերունդների` ներկայիս հայուհիներն այդքան էլ ավանդապաշտ չեն: 550 կանանց շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին սեռական հարաբերությունը շատերի մոտ լինում է ամուսնությունից մոտ մեկ տարի առաջ: Ըստ բժիշկ Մերի Խաչիկյանի` այսպիսի դրության մեջ գտնվող կանայք երկու ելք ունեն. «Այդ կանայք հետո մեկ տարվա ընթացքում ամուսնանում են հղիության պատճառով կամ էլ կուսաթաղանթի վերականգման են դիմում` վախենալով, որ ինչ-որ մեկը կիմանա»: Նույնիսկ այն դեպքում, երբ հարցումներն ամբողջովին անանուն են, սեռական հարաբերությունների մասին խոսելը, հատկապես կանանց համար, տաբու է: ![]()
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 16666 |
| | |