«Թի վի ալիք» շաբաթաթերթ Թեստ. առաջարկում է հոգեբան Կարինե Նալչաջյանը. «Ո՞ր դեպքում մենք կարող ենք նախապես ասել, որ այս կինը բավականին բարդ սկեսուր կլինի»:
Այն կինը, որն իր անձնական կյանքում որպես կին առանձնապես ինքնահաստատված չի եղել, այսինքն՝ իր ամուսնու կողմից քնքշանք, սեր, կանացի զգացողություններ չի ապրել, նա իր ամբողջ քնքշանքը, սերն ուղղում է դեպի տղան: Եվ առաջանում է այնպիսի կախվածություն, որ կարելի է կարծել՝ շատ լավ է, բայց այն բավականին վտանգավոր է: Եթե այս ամենին գումարվում է նաև այն, որ այս կինը նաև իր կամքը թելադրող ձնավորություն է, ուրեմն գործ ունենք մի սկեսրոջ հետ, որի կերպարը բավականին բարդ է և որի հետ հարմարվելու համար շատ ջանքեր կպահանջվեն: Ո՞ր դեպքում աղջիկը կարող բարդ հարս լինել: Երբ երիտասարդ աղջիկը սեփականատիրական զգացումներ ունի ամուսնու նկատմամբ. «Այս երիտասարդի կյանքում միայն մեկ սեր է լինելու, դա Ես եմ»: Երիտասարդ հարսը մի տեսակ ծանր է տանում իր ամուսնու մտերմիկ, ջերմ կապերն իր հարազատների հետ: Այստեղ որպես թիրախ հանդես են գալիս ընտանիքի կանայք՝ մայրերը, քույրերը: Ամուսնու սիրով թևավորված այստեսակ երիտասարդ կանայք երբեմն նունիսկ շատ լուրջ ջանքեր են գործադրում ամուսնու կյանքից մյուս բոլոր սերերը հանելու համար: Սա գրագետ մոտեցում չէ: Այսինքն՝ նա պատերազմ է հայտարարում, և այդ պատերազմում միշտ բոլորն էլ տուժում են: Եթե անգամ նրան հաջողվում է կտրել իր ամուսնուն հարազատներից, միևնույն է, տղան շատ մեծ կորստի զգացում է ունենում և իր կնոջ նկատմամբ զգացմունքները ևս խամրում են: Ինչպե՞ս հարթել հարսի և սկեսրոջ միջև առաջացած կոնֆլիկտները Առաջարկում է սոցիոլոգ-կոնֆլիկտաբան Աննա Օվանեսյանը
1. Պետք չէ փնտրել մեղավորին, պետք է գտնել հարցի լուծման տարբերակը, եթե զբաղվեք մեղավորներին բացահայտելով, երբեք լուծում չեք գտնի: 2. Հիշեք՝ կոնֆլիկտային իրավիճակներում ներգրավված բոլոր կողմերն էլ մեղավոր են: 3. Յուրաքանչյուրը կարծում է, որ ինքն ավելի լավ գիտի ու ավելի լավ է հասկանում, մեկը՝ ելնելով իր փորձառությունից, մյուսը՝ այդ փորձառությունը հին համարելով, մեկը՝ ելնելով ժամանակակից արժեքներից, մյուսը՝ այդ արժեքներն անբարո համարելով և այլն: Այսինքն՝ եթե ամեն մեկը միայն իրենը պնդի և չփորձի լսել անգամ դիմացինին, միշտ կլինեն կոնֆլիկտներ: 4. Երբեք քեզ վեր մի՛ դասիր դիմացինից. նույնիսկ երկու տարեկան երեխային պետք է հավասարի պես ընդունել: 5. Եթե առկա են սուր կոնֆլիկտներ, ամեն դեպքում ինքներդ լուծեք, պետք չէ ներգրավել թոռներին, բարեկամներին, հարևաններին, ամուսնուն: Դա ձեր երկուսի խնդիրն է: 6. Ավելորդ դերեր մի՛ խաղացեք, եղեք այնպիսին, ինչպիսին կաք, իրար պարզ, հասկանալի բացատրեք՝ ի՞նչ եք ուզում և ի՛նչ եք սպասում իրարից: Երբ փոխադարձ սպասումները ձևակերպված կլինեն, դրանից ելնելով դերերն էլ կկառուցվեն: 7. Եթե կա. կոնֆլիկտ, միշտ ձգտեք լուծել, մի՛ արհամարհեք, մի՛ խուսափեք կոնֆլիկտներից: Մի՛ մտածեք, որ դա երբևէ չի լուծվի, կամ բոլորի մոտ այդպիսի դեպքեր պատահում են: 8. Աշխատեք կոնֆլիկտային իրավիճակներում չվիրավորել դիմացինին, խուսափեք ավելորդ հրապարակավ ելույթներից, որովհետև, ի վերջո, ամեն ինչ վերադառնում է քեզ: Այսինքն՝ վեճերի ժամանակ գործում է բումերանգի օրենքը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2994 |
| | |

