20:49
Ինչպե՞ս սեփական կայք ստեղծել

Քայլ առաջին

Ինչպե՞ս սեփական կայք ստեղծելՆախ հստակ որոշիր՝ ինչ է քեզ հարկավոր, ինչ է պարունակելու ստեղծվելիք կայքը, ում համար է նախատեսված լինելու, ովքեր են լինելու կայքի այցելուները:

Կարող ես երեկույթների հայտարարման էջ ստեղծել կամ մեծ լուսանկարչական ալբոմ՝ ընկերներիդ համար: Հնարավոր է նաև հայ գրականությանը նվիրված մեծ պորտալ բացել կամ էլ ֆորում՝ նվիրված մեր ազգային խնդիրներին: Լավ, այս ամենը թողնում ենք քո հայեցողությանը: Հիմա ուշադիր կարդա:
Կայքերը լինում են ստատիկ և դինամիկ: Ստատիկ են կոչվում այն կայքերը, որոնք ընթերցողի գործողություններից չեն փոխվում: Այս տիպի կայքերում տեքստերը էջադրվում են մեկ անգամ և տեղադրվում են սերվերի վրա, որից հետո յուրաքանչյուր այցելու կարող է կարդալ դրանք:
Դինամիկ կայքէջերը ստեղծվում են սերվերի կողմից՝ ավտոմատ կերպով, օրինակ՝ ինչպես Google-ը: Google-ում որոնում կատարելու ժամանակ որոնման արդյունքների էջերը ավտոմատ կերպով ստեղծվում են սերվերների վրա աշխատող ծրագրի կողմից: Այդպիսին են նաև վեբ-փոստային համակարգերը, ինչպես Yahoo Mail-ը, Yandex Mail-ը, Google Mail-ը, Rambler-ը և այլն:

Քայլ երկրորդ

Հնարավորինս մանրամասն մշակիր ապագա կայքիդ կառուցվածքը՝ իր ենթակառուցվածքներով ու բաժիններով, այսինքն՝ ինչ նյութեր են լինելու և որ բաժիններում, ինչպես են կապվելու բաժիններն ու առանձին կայքէջերն իրար և այլն:

Սկզբի համար այդ ամենը գծիր թղթի վրա: Շատ կարևոր է կայքի բովանդակային մասը: Կայքդ կարող է ունենալ գեղեցիկ տեսք, լինել տեխնիկապես կատարյալ, բայց անբովանդակալից: Մյուս կողմից՝ կարևոր ու հետաքրքիր տեղեկություններ պարունակող կայքերը կարող են գեղեցիկ արտաքին չունենալ, տեխնիկապես առաջատար չլինել, բայց հարուստ բովանդակության հաշվին մեծ լսարան ու այցելուներ հավաքել: Այնպես, որ աշխատիր հնարավորինս բովանդակալից կայք ունենալ:
Կարող ես մտովի պատկերացնել նաև կայքի դիզայնը: Կայքի ձևավորումը, էջերի արտաքին տեսքը և լոգոն ստեղծվում են հատուկ գրաֆիկական ծրագրերի միջոցով: Դրանց տիրապետելը այնքան էլ հեշտ չէ, ուստի որոշ ուսումնասիրություն է պահանջում: Կայքի նախագծման-ստեղծման այս փուլը կոչվում է վիզուալ, քանի որ կազմվում են էջի արտաքին տեսքն ու գործառույթները, ինչը շատ կարևոր է կայքի արդյունավետ աշխատանքի համար: Կայքի վիզուալ և ֆունկցիոնալ մասերի համար պատասխանատու են դիզայներները, իսկ լավ դիզայներ լինելու համար նախ անհրաժեշտ են տեսական գիտելիքներ, ինչպես նաև մասնագիտական ծրագրերի իմացություն:
Եթե տեսնես, որ այս ամենից գլուխ չես հանում, դիմիր հատուկ մասնագետի օգնությանը կամ սկզբի համար արտաքին տեսքի վրա շատ մի կենտրոնացիր:

Քայլ երրորդ

Եթե, այնուամենայնիվ, որոշել ես կայքը սեփական ուժերով կառուցել, ապա կարևոր է սերտել HTML (Hyper Text Markup Language) լեզուն:

Այն համեմատաբար հեշտ է և բազային գիտելիքներին տիրապետելու համար քեզանից կպահանջվի 4-5 օր: Բացի այդ, կան ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս կայքէջեր պատրաստել HTML լեզվի նվազագույն իմացությամբ: Դրանցից են՝ Dream-weaver, Adobe GoLive, Microsoft FrontPage ծրագրերը: HTML լեզուն սերտելու համար գոյություն ունի հարուստ գրականություն՝ նախատեսված հենց քեզ պես սկսնակների համար:    Դրանցից ամենահարմարներն են “Для чайников” կամ “Руководство полного идиота” ձեռնարկները:  Չնայած իրենց հեգնական անվանումներին՝ դրանք բավականին մանրամասն են գրված՝ պարզ ու հասկանալի լեզվով:

 

Ինչպե՞ս սեփական կայք ստեղծել


Լեզուն օտագործվում է համեմատաբար պարզ և ստատիկ կայքէջեր ստեղծելու համար: Ավելի բարդ կայքեր ստեղծելու համար (օրինակ՝  հյուրասենյակ, ֆորում, համացանցային ԶԼՄ և այլն) անհրաժեշտ է PERL, PHP, ASP կամ այլ վեբ-ծրագրավորման լեզուների իմացություն: Բարդ կայքերի դեպքում երբեմն ավելի նպատակահարմար է միանգամից գնել հատուկ ծրագրային փաթեթ կամ դրա ստեղծումը պատվիրել մասնագետին:  Ավելի հեշտ տարբերակ է միանգամից գնել հատուկ պատրաստի ծրագիր կամ էլ դիմել մասնագետի օգնությանը: Որոշ տիպի կայքերի համար (օրինակ՝ ֆորումների)  գոյություն ունեն լրիվ անվճար ծրագրային փաթեթներ:

Քայլ չորրորդ

 Երբ կայքն արդեն պատրաստ է և եկել է այն համացանցում տեղադրելու ժամանակը, պետք է դոմենի անվանում ձեռք բերես, այսինքն՝ կայքի հասցեն,

օրինակ՝ ինչպես kiss.am, blognews.am, ardzagank.com և այլն: Հաջորդ քայլդ պետք է լինի հոսթինգ գնելը այսինքն՝ տեղ սերվերում, ուր տեղադրվելու են կայքի ֆայլերը: Հոսթինգն այսօր տրամադրում են հայկական և արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ:
Հայաստանում հոսթինգ և դոմեն կարող ես ձեռք բերել նաև բազմաթիվ այլ ընկերություններից: Դրանք այսօր շատ են: Ցանցում կայքդ տեղադրելուց հետո կարող ես քեզ պրոդյուսեր երևակայել՝ գովազդելով այն ապրանքը, որն ուզում ես, այն ամսագիրը, երգչին կամ երգչուհուն, որին երկրպագում ես:

Քայլ հինգերորդ

Շնորհավորում ենք: Կայքդ արդեն պատրաստ է: Ուզու՞մ ես այցելուների հոսքապահովել: Եթե այո, ապա փորձիր կայքիդ հասցեն գրանցել բոլոր հնարավոր ինտերնետ կատալոգներում, որոնողական համակարգերում,

ինչպես նաև մասնակցիր ինտերնետային բոլոր ակցիաներին, տեղադրիր կայքիդ վրա հղումներ ընկերներիդ կայքերում, այն գովազդիր ֆորումներում ու չաթերում:Հուսով ենք, որ այցելուների ու համակիրների պակաս չես ունենա: Մաղթում ենք հաջողություն:

Գրիգոր Երիցյան


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1159 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Հաջողության գաղտնքիներ, Ինտերնետ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ