14:40
Գեղեցկության թագն ու պսակը
 

   

 
Գեղեցկության թագն ու պսակըԿնոջ հմայքի կարևորագույն բաղադրիչներից են գեղեցիկ վարսերը, որոնք ասես ամփոփում են մաշկի, դիմագծերի ու կազմվածքի ամբողջական պատկերը: Իզուր չէ, որ արտաքին նկարագրությունը սկսվում է հենց շիկահեր, սևահեր կամ խարտյաշ տարբերակումից:  Պատկերն ամբողջանում է մազերի երկարության և որակի մասին տեղեկությամբ: Աստված էլ այդ թագի հարցում Եվայի ցեղի հանդեպ բարեգութ է գտնվել, քանի որ, ի տարբերություն ուժեղ սեռի, մարդկության գեղեցիկ կեսին ճաղատանալու վտանգն այնքան էլ չի սպառնում: Եթե նույնիսկ դա պատահում է, ի տարբերություն տղամարդկանց, որոնց XXI դարում ոչ մի կերպ չենք կարող պատկերացնել կեղծամներով, կնոջը նաև տրված է դրանց բազմազան ու բազմագույն տեսականուց օգտվելու արտոնությունը:
 
Ըստ վիճակագրության կանանց ավելի քան 60%-ը սանրվածք ընտրելու նպատակով թերթում է բարձրակարգ ամսագրերը: Խոստովանիր, որ գեղեցկության սրահում շատ է պատահել, երբ դու նույնպես մատնացույց ես արել այս կամ այն գեղեցկուհուն և ասել՝ «Ուզում եմ նրա սանրվածքն ունենալ»: Իսկ գուցե դու կարող ես նաև ինքնուրու՞յն միջոցներ ձեռնարկել աստղային սանրվածք ստանալու համար: Դա այնքան էլ դժվար չէ:
 
Եթե դու ունես խիտ, հաստ, գանգուր և երկար մազեր, որոնք կտրված են աստիճանաձև, ապա բոլոր հիմքերն արդեն կան Բեյոնսե Նոուելսին նմանվելու համար: Դրա համար պետք է գլուխը լվանալ խոնավացնող օճառահեղուկով և վերջում ցայել «կոնդիցիոներով»: Վարսահարդարիչով չորացնելիս պետք է պարզապես կլոր խոզանակով դրանց ծայրերը ներս պտտեցնել: Վերջում փայլի համար պետք է «սփրեյ» ցանել: Առավոտյան նույն գործողությունը չկրկնելու համար, եթե ցանկանում ես ծավալը պահպանել, քնելուց առաջ մազերդ փնջով կապիր վերևում, իսկ թեթև ալիքներ ստանալու համար՝ պարանոցի հատվածում:    
 
Փոքրիկ ու կլոր դեմքին չի սազում ճակատի մազափունջը, քանի որ դեմքդ ավելի է փոքրանում: Լուծումը բաց ճակատն ու երկար խոպոպներն են, որոնք թեթևակիորեն թափվում են այտերին:
 
Եթե դու ունես երկար, ալիքաձև, աստիճանական կտրվածքով, ճակատին երկար մազափնջով, ընդգծված կանացի սանրվածք, ապա մի քանի քայլից կարող ես նմանվել Նիկոլ Քիդմանին: Հնարավոր է, որ քո մազերն օդի տատանումներից շատ են ծածանվում, ինչպես հոլիվուդյան այդ աստղինը: Նախ պետք է չորացնես վարսահարդարիչով, և երբ վարսերդ արդեն գրեթե չոր կլինեն, մի քանի առանձին շերտեր փաթաթիր բիգուդիներով և հինգ րոպե շարունակիր չորացնել: Հինգ րոպե էլ հանգիստ թող և հետո սանրիր բնական մազի խոզանակով: Վերջում, որպեսզի շերտերը պահպանվեն, մազերիդ ծայրերը մի փոքր մեղրամոմի քսուքով  պատիր:       
Գագաթի հատվածում մազերդ թեթևակի սանրիր խոզանակով և ամրացրու հերակալներով, որպեսզի ծավալը պահպանես: Ճակատիցդ բոլոր մազերը մի հավաքիր, թող մի քանի շերտ անփութորեն ընկնի դեմքիդ: Հիշեցնենք, որ ալիքաձև մազերը լվանալիս հատկապես պետք է լավ պարզաջրել, որպեսզի նրանց մեջ ոչ մի դեպքում օճառահեղուկ չմնա, հակառակ դեպքում խոպոպները հաջող չեն ստացվի:
 
Եթե քո մազերը բարակ են, ուղիղ ու հարթ, միջին երկարության, կարող ես գործնական, ուրբանիստական ոճ ընտրել, որը կյանքի ցանկացած իրադրության համար ունիվերսալ սանրվածք է, ինչպես, օրինակ, Ումա Տուրմանինը:
 
Մազերդ չորացրու վարսահարդարիչով և հարթ խոզանակով: Հարթեցնող «սփրեյ» կամ յուղ օգտագործիր, որպեսզի մազերդ չլիցքավորվեն և ավելի հեշտ ենթարկվեն: Թեքությամբ բախտ բացիր և պարանոցի ներքևում պոչ կապիր, այնուհետև այն պինդ ոլորելով ամրացրու հերակալներով: Եթե դու ճակատիդ երկար մազափունջ ունես, այն կողքի սանրիր, ինչպես Ումա Տուրմանը, իսկ եթե մազափունջդ կարճ է, թող բնականորեն թափվի ճակատիդ: Սանրվածքդ կարող ես պատել փայլով կամ մազերի լաքով:
 
Էլեկտրականացումը բարակ մազերի հիմնական թերությունն է, այդ պատճառով չորացնելուց հետո խուսափիր շատ սանրելուց, մազերդ ձեռքերով շտկիր՝ անհրաժեշտության դեպքում մատներով թեթևակի սանրելով:
 
Ընդունված է կարծել, որ տղամարդկանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է երկարամազ գեղեցկուհիներին, քանի որ նրանք ավելի կանացի տեսք ունեն: Բայց «Մազը՝ երկար, խելքը՝ կարճ» բնութագրումն արդեն վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ներկայումս աղջիկներն ու կանայք կարող են առաջարկվող կարճ սանրվածքներից  հետաքրքիր տարբերակներ գտնել, որոնք նույնքան կանացի են, որքան երկար մազերը: Իսկ խելքի հարցում, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
 
Եթե մազերդ սիրում ես շատ երկարացնել, միևնույն է, երեք ամիսը մեկ անգամ դրանք կտրիր: Հակառակ դեպքում անխուսափելի է դրանց ճյուղավորումը:
 
Իսկ ի՞նչ են կարծում ոճաբանները:
 
 
Ոճաբանները խորհուրդ են տալիս հաճախակի փոխել սանրվածքը: Ամենատարածված ձևը մազերը ներկելն է: Ուշադրության կենտրոնում հայտնվելու համար պետք է արմատական փոփոխություններ անել թե գույնի և թե, օրինակ, ճակատի մազափնջի ձևի ու երկարության հարցում, որը ցուցվում է ցանկացած տարիքում և ցանկացած սանրվածքի դեպքում: Գլխավորը համապատասխան ձևը գտնելն է:
 
Մուգ գույնով ներկված մազերը այնքան լավ չեն փայլում, որքան բաց գույնի մազերը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել փայլ տվող միջոցներ:
 
Ոճաբանները խորհուրդ չեն տալիս  անվերապահորեն տեղավորվել նորաձևության թելադրած շրջանակներում: Աստղերից շատերը նույնպեսՄազերի խնամք չեն ենթարկվում նորաձևության քմահաճություններին և հնարավորինս փորձում են հարազատ մնալ  իրենց կերպարին: Նրանք պահպանում են մազերի այն երկարությունը, որն իրենց սազում է: Միաժամանակ չի կարելի ձանձրալիորեն անփոփոխ մնալ, այդ պատճառով նրանք փորձում են կարճ և երկար սանրվածքների տարրերը մեկը մյուսի հետ օգտագործել, հետաքրքիր լրացումներ են գտնում, հմտորեն օգտագործում  նաև կեղծամներն և շինյոնները: Այդ դեպքում շատ կարևոր է մազերի գույնին մոտ շինյոնի ընտրությունը:         
 
Եթե դու ամեն օր մազերդ հարդարում ես վարսահարդարիչով, չի բացառվում, որ տաք օդն իր վնասակար ազդեցությունը թողնի դրանց վրա: Դրա համար ավելի ճիշտ է այնպիսի վարսահարդարիչ գնել, որը չորացման մի քանի ռեժիմով է աշխատում՝ սառը, գոլ և տաք: Շատ բարձր ջերմաստիճանն ընդունելի է միայն այն դեպքերում, երբ հազվադեպ ես դա օգտագործում:
 
 
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մազերի խնամք | Դիտումներ: 6840 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, Մազերի խնամք, օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ