10:13
Դաջվածքներ` ինքնաարտահայտման միջոց կամ նորաձև լինելու ևս մի տարբերակ
 

   

Դաջվածքներն, ըստ գոյություն ունեցող փաստերի, առաջացել են այն ժամանակ, երբ մարդը դեռ նոր էր տիրապետում առաջին աշխատանքային գործիքներին: Նեոլիտի և բրոնզե դարաշրջանում դաջվածքներն ավելի հաճախակի են հանդիպում: Մարդու մարմնի վրա առաջին դաջվածքները ծառայում էին ոչ այնքան զարդարանքի, որքան չար ոգիներին վանելու և թշնամիներին վախեցնելու համար: Օրինակ` Պոլինեզիայի բնակիչները իրենց երեսը ահավոր մի դիմակի էին վերածում, որը թշնամիների մոտ ահ ու սարսափ էր առաջացնում: Իսկ քաղաքակիրթ Արևմուտքում թշնամիներին ահաբեկելու համար օգտագործում էին հարձակվող սև գայլի  կամ հովազի պատկերը:
 
Որոշ ցեղախմբերի մոտ, որոնք մեր օրերում էլ պահպանել են իրենց նախնադարյան կարգավիճակը, գոյություն ունի  սովորույթ դաջվածքներ անել, սեռական հասունացման տարիքի հասած  ցանկացած մարդու: Այդ սովորույթը այնքան խստորեն է պահպանվում, որ դեռևս 20-րդ դարի առաջին կեսին, Նուկուրո կղզու վրա դաջվածք չունեցող մայրերից ծնված երեխաներին դաժանորեն սպանում էին:
 
 
 
«Դաջվածք սիրող մարդիկ շատ բարի են լինում¦,- ասում է Ժոզեֆը, ով այս արվեստով սկսել է զբաղվել դեռ շատ վաղուց` վեցերորդ դասարանում, երբ իր առաջին դաջվածքն արեց.
-Նորաձևության հետ դաջվածքը կապ  չունի, իհարկե, կան մարդիկ, ովքեր այդ նպատակով են գալիս, բայց նրանք շատ քիչ տոկոս են կազմում: Տատուն մարդու ներաշխարհն է, որ դաջվածքի միջոցով է արտահայտվում: Այսօր տատու սրահ սկսել են ավելի հաճախակի գալ, այցելուների մեջ աղջիկներ էլ կան, տղաներ էլ: 
Ավելի շատ դաջում են կենդանիներ, զարդանախշեր, աղջիկները հիմնականում` ծաղիկներ, թիթեռներ: Այսօր սկսել են գույներ էլ սիրել, գունավոր տատուներ նույնպես անում են: Կարող է ողջ աշխատանքը լինել շողքային, բայց գունային շեշտադրումներով:  Մարդ  կա, որ սիրում է եկեղեցիներ  դաջել իր վրա, ինչ-որ մեկն էլ հորոսկոպի իր նշանը, բայց մեր ժողովուրդը ամենաշատը սիրում է անհաշիվ խաչեր դաջել ու իրենց թվում է, որ դրանից հետո իրենց առաջ խաղ ու հաշիվ չկա, օրինակ երեկ մի աղջիկ եկավ ու վզին գանգի տեսքով մի տատու արեց, որ ես չէի անի ու չէի էլ ուզենա, որ ինքն ունենար:
 
- Իսկ չհարցրեցիր, թե ինչու՞ արեց:
 
- Ամեն դեպքում շատ չեմ հարցնում, որովհետև կարող են այնպիսի անհարմար ու անհեթեթ պատասխաններ տալ, որ ես այլևս չուզենամ այդ տատուն իր վրա անել:
 
- Հիմնականում ի՞նչ չափի ու ծավալի տատուներ են ուզում:
 
- Մեզ մոտ դեռ զարգացած չէ մեծ նկարչությունը: Ամենամեծ նկարը, որ ընտրում են լինում է երկու ծխախոտի տուփի չափ, իսկ ծխախոտի տուփի չափ աշխատանքը` լրիվ մակերեսով հագեցած 30.000դր. արժե: Հայաստանում ողջ մարմնի չափով տատու անողներ չկան, դա մեզ համար դեռ խորթ է, բայց Մինսկում ես շատերին եմ արել: Այնտեղ նման դաջվածքները փուլերով են կատարվում, օրինակ` մի դաջվածքը կարող է տևել 45 ժամ, բնական է, որ դա մեկ օրում չի արվում, մի փուլի տևողությունը կարող է 3-4 ժամ տևել: Ժամանակավոր տատուներ նույնպես անում եմ, միջին ժամկետը, կախված մարդու մաշկից, երկու շաբաթ է: Կա նաև սպիավորում, որը նույն տատուն է, բայց կտրման միջոցով, այսինքն այդ կտրված ռուբեցը` սպին հետո դառնում է մի պատկեր, որը մնում է ամբողջ կյանքում:
 
-Այցելուների մեջ իրենց սիրելիների անունները դաջող մարդիկ լինու՞մ են:
 
-Այո', անուններ էլ են դաջում, օրինակ` վերջերս երկու ամուսիններ եկան, որոնք արդեն երեսուն տարի ամուսնացած էին և իրենց վրա միմյանց անունները դաջեցին:
 
- Եղե՞լ են դեպքեր, որ այսօր դաջվածքն անեն, իսկ վաղն արդեն զղջան: 
 
-Կոնկրետ ինձ հետ  դեռ նման բան չի եղել, բայց տասը-տասնհինգ տարի հետո հնարավոր է, որովհետև  մարդիկ երբեմն այնքան անճաշակ դաջվածքներ են անում, որ նման բան բացառված չէ, բայց ամեն դեպքում, սա մեծ արվեստ է և կարծում եմ միակ բանն է, որ մարդն  իր հետ տանում է այս աշխարհից:
 
Սոնա Ադամյան
 
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 6748 | Ավելացրեց: Admin | Տեգեր: միտումներ, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ