Իմաստախոսքեր ամուսնության մասին
![]()
  kiss.am Չկա մի մարդ, ում համար կարևոր չեն սերն ու անձնական երջանկությունը: Ինչքան էլ հաջողակ լինես գործում, հարուստ ու հարգված շրջապատում, ուրախությունդ լիարժեք չի լինի, եթե կողքիդ չկա հոգեհարազատ մեկը, ով անկեղծորեն կկիսի ուրախությունդ և կհասկանա թախիծդ: Ոմանք նրան անվանում են երկրորդ կես, ոմանք «միակը ճակատագրով»… Սիրո մասին շատ է խոսվել և դեռ շատ կխոսվի, բայց գաղտնիքը, թե ինչու է կախարդանքի պես ձգողություն առաջանում հենց տվյա’լ երկուսի միջև և ինչ էլ անես չի ստացվում` մեկ այլ երկուսի հարաբերություններում, առ այսօր ոչ ոք չի բացահայտել: Ոչ ոք չի սովորում սիրել. սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու: Իսկ սիրելիս նոր լույսով ես տեսնում թե’ ինքդ քեզ, թե’ ողջ աշխարհը: ![]() Ներկայացնում եմ թե ժողովրդական, թե ժամանակակից հայտնի մտավորականների, խելացի մարդկանց մտքերից: Օգտվում եմ Սոնա Սեֆերյանի «Իմաստախոս ժողովուրդը» գրքից: «Գեղեցիկ աղջկա ամուսնությունը կիսով չափ հաջողված է»: * * * «Զգուշացիր պակասավոր տղամարդուց և 3 անգամ ամուսնացած այրուց»: * * * «Գյուղում մի լավ կին կա` ամեն մարդ կարծում է ` իր կինն է»: * * * «Ամուսնալալուց առաջ ընտրյալիդ վրա աչքերդ լավ բաց արա, հետո դրանք կիսախուփ արա»: * * * «Եթե ինձ սիրում ես, շանս էլ կսիրես»: * * * «Ամուսնությունը շատ ցավեր ունի, բայց ամուրիությունը հաճույքներ չունի»: * * * «Տղայիդ ամուսնացրու, երբ որ ուզենաս, աղջկադ ամուսնացրու, հենց որ կարենաս»: * * * «Եթե ուզում եք իմանալ աղջկա թերությունները, ընկերուհիների մոտ գովաբանեք նրան»: Այն տղաներին, ովքեր փնտրում են ընտրյալ, ժողովուրդը այսպիսի մի հիշեցում է անում. «Իր իսկական տարիքն ասող կնոջը չի կարելի վստահել»: * * * «Վատ կտորից լավ վերարկու չես կարի»: * * * «Այնտեղ, որտեղ ամուսնությունն առանց սիրո է, կլինի նաև սեր` առանց ամուսնության»: Վիլյամ Սարոյան * * * «Կանայք պետք է հիանան տաղանդավոր մարդկանցով, նայեն նրանց` իբրև հրապուրիչ տեսարանի, բայց ապրել նրանց հետ ` երբեք»: Գրիգոր Գուրզադյան * * * «Սերը ևս պետք է կազմակերպել կարողանալ: Դա այն չէ, ինչը երկնքից է ընկնում: Եթե կազմակերպիչը տաղանդավոր է, սերը ևս լավը կլինի»: Դերենիկ Դեմիրճյան * * * «Տան գլուխը նա է, ով ավելի խելացի է, կառավարելու ընդունակ, անկախ նրանից կին է, թե տղամարդ»: Վահրամ Փափազյան * * * «Ամուսնության ճակատագիրը շատ հաճախ լուծվում է առաջին գիշերը»: Շաքե Թուխմանյան * * * «Երջանիկ է այն մարդը, ով իր կնոջը կսիրի որպես սիրուհու և դժբախտ է նա, ում սիրուհին իր հետ կվարվի որպես ամուսնու»: Վահագն Դավթյան * * * «Կնոջ համար կարևոր է ոչ թե ամուսինը, այլ ամուսնությունը»: Մկրտիչ Արմեն * * * «Կա մի հետաքրքիր, անցանկալի օրինաչափություն դարձած սովորություն: Եթե հասարակական վայրում տղամարդը անտարբեր է ու անուշադիր իր հետի կնոջ նկատմամբ, ուրեմն` դա նրա կինն է»: Մկրտիչ Արմեն * * * Տղան մորը հարցնում է. -Ի՞նչ բան է հարսնացուն: - Հարսնացուն այն կինն է , ասում է,- մայրը, որին խոստանում են այն ամենը, ինչ որ նա չի ստանում ամուսնանալուց հետո: Տղամարդիկ էլ ետ չեն մնում չարախինդ սրամտելուց ամուսնության մասին. Տղամարդու համար ո՞րն է հաջող ամուսնությունը,- հարցնում են ուսանողները հաջող ընտանիք կազմած դասախոսին. - Դա այն է, ,- ասում է դասախոսը,- երբ ձեռքդ մտցնում ես թունավոր օձերով լի պարկի մեջ և բարեբախտաբար հանում ես լորտու: Կիսահումորային մի տարբերակ, որը ճիշտ կիրառելու դեպքում, երջանիկ կլինեք. Լավ ամուսնության պատրաստման եղանակը. «Հավատարմությունը խառնել հավատարմության հետ, ավելացնել շոյանքներ, ժպիտներ և խենթացնելու աստիճան քնքուշ սեր: Այս բոլորը շրջապատել գրկախառնություններով և եթել բոցավառ կրակի վրա, ապա ավելացնել մի կաթիլ խանդ և զարդարել համբույրներով: Չպաղեցնել սիրո կրակը, քանզի այդ ճաշը տաք-տաք կուտվի»: Սերը չի սիրում բանաձևեր ու սահմանումներ: Սերն ինքը ազատությունն է, գեղեցիկը և իմաստավորումը ապրած կյանքի: Մի փորձեք բացատրել, վերլուծել, ծրագրել սերը: Այն միշտ գալիս է անակնկալ: Պարզապես մի խզեք բարու հոսքը դեպի ձեզ սեփական չարությամբ և տեսեք հրաշքները, որ կատարվում են ձեր կողքին: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1047 |
| | |