Հարցեր հոգեբանին. «Բազում խնդիրներ ունեմ ապագա սկեսրոջս հետ, նա արհամարհանքով է վերաբերվում»
 

   Հարցեր հոգեբանին

Հարցն ուղղարկել է Անին, 23 տարեկան

Բարև Ձեզ, ես Անին եմ, 23 տարեկան եմ։ Ես նշանված եմ ու բազում խնդիրներ ունեմ ապագա սկեսրոջս հետ։ Նա ի սկզբանե դեմ էր մեր հարաբերություններին, չնայած նշանածս շատ ամուր գտնվեց և հասավ այն բանին, որ մենք նշանվեցինք, իսկ այժմ խնդիրն այլ է. սկեսուրս անընդհատ կռիվներ է սարքում, օտար մարդկանց մոտ բախվում նշանածիս հետ և ինձ մի կերպ է տանում, արհամարհանքով ու նախանձով է լցված իմ հանդեպ։
Ինձ անչափ Ձեր խորհուրդն է հարկավոր, ի՞նչ կարող եմ անել։
Կանխավ շնորհակալ եմ։

Պատասխանում է հոգեբանը

 

 

Հարգելի Անի, բարդ է սպառիչ պատկերացում կազմել Ձեր ու Ձեր ապագա սկեսրոջ հարաբերությունների մասին՝ չիմանալով կոնֆլիկտի նախապատմությունը ու Ձեր հանդեպ տածած հակակրանքի պատճառների մասին։ Ամեն դեպքում, փորձեմ Ձեզ մի քանի տարբերակներ առաջարկել, սակայն մինչ դա անելը, եկեք հասկանանք, թե ինչ կետում եք գտնվում հիմա Դուք՝ Ձեր նշանածի ու նրա ընտանիքի հարաբերություններում։
Դատելով Ձեր նկարագրից՝ կարելի է եզրակացնել, որ առկա է առճակատում Ձեր նշանածի ու նրա մոր միջև, որն ավելի է սրվել, երբ նա չի հանձնվել ու չի հնազանդվել մոր կամքին՝ նշանվելով Ձեզ հետ։ Բացի դրանից, Դուք ինքներդ եք Ձեր հանդեպ վատ վերաբերմունք զգում Ձեր ապագա սկեսուրից։

Ամեն դեպքում, կռվախնձորը Ձեր հարաբերություններն են, բայց Ձեր հարաբերություններն առաջին հերթին վերաբերվում են ձեզ երկուսիդ, ուստի ցանկացած սցենար ընտրելիս, կարծում եմ, որ անհրաժեշտ է համաձայնեցնել ու մանրամասն քննարկել այն Ձեր երկրորդ կեսի հետ։ Հիմա խորհուրդներին անցնենք։

Նման իրավիճակներում, երբ մի տանիքի տակ ապրելու հեռանկարը խնդրահարույց է, կողմերի միջև առկա կոնֆլիկտի պատճառով Դուք ունեք երեք այլընտրանք.

1. Հանձնվել։ Գուցե դրամատիկ է հնչում, բայց չի կարելի բացառել այս տարբերակը։ Եթե այնպես լինի, որ բաց առճակատման խնդիր լինի, ու Ձեր նշանածը ստիպված լինի կանգնել ընտրության առջև, երբ նա պետք է ընտրի կամ Ձեզ, կամ մորը, ապա կա տեսական հավանականություն, որ նա կընտրի մորը։ Դա կախված է նրանից, թե որքանով է նա ինքնուրույն ու կայացած՝ հոգեպես ու ֆինանսապես, որքանով է նա ենթարկվում մորը ու/կամ պատրաստ ենթարկվել մոր պահանջներին ապագայում և վերջապես նրանից, թե որքանով է պատրաստ Ձեզ հետ ընտանիք ստեղծելուն։ Ի վերջո, կարող եք կանգնել մի իրավիճակի առաջ, երբ Ձեր ամուսնությունը հավասարազոր լինի տղայի ծնողներից ու բնակարանից հեռանալու ու ինքնուրույն ապրելու։ Արդյո՞ք Դուք ու Ձեր նշանածը պատրաստ եք դրան՝ էմոցիոնալ, հոգեկան ու ֆինանսական առումով...

2. Գալ փոխզիջման։ Սա էլ տարբերակ է։ Գուցե հնարավոր է, որ Դուք, Ձեր նշանածն ու Ձեր ապագա սկեսուրը բաց և անկեղծ խոսակցություն ունենաք, որտեղ յուրաքանչյուրդ կփորձի շարադրել իր խնդիրներն ու ակնկալիքները՝ բախման կետերը բացահայտելու նպատակով։ Գուցե խնդիրը ոչ թե պարզապես մայրական խանդն է կամ էլ իշխանասիրությունը, այլ ինչ-որ մի խնդիր, որը հնարավոր կլինի լուծել առանց «մեծ արյան»։ Հարսների ու սկեսուրների մեջ կոնֆլիկտներ հաճախ են լինում, հատկապես ընտանեկան կյանքի սկզբում, բայց հաճախ էլ այդ կանայք տարիներ անց հրաշալի հարաբերություններ են հաստատում միմյանց հետ։ Թույլ տվեք, որպեսզի Ձեր ապագա սկեսուրը կիսվի, թե ինչու է նա դեմ Ձեզ, ինչ է Ձեզանից ակնկալում, ու թող ինքն էլ լսի, թե ինչն եք պատրաստ վերանայել, իսկ ինչը երբեք չեք փոխի։ Նույնն էլ՝ որդու և մոր հարաբերություններում։

3. Առանձնացեք։ Սա էլ ինչ-որ տեղ ծայրահեղ լուծում է, բայց ևս լուծում է։ Եթե Դուք ու Ձեր նշանածը գտնում եք, որ առանց միմյանց չեք կարող ապրել, ու ավելի կարևոր բան չկա ձեզ համար, եթե գտնում եք, որ հանուն միասին լինելու պատրաստ եք ամեն փորձության, ապա պարզապես կանգնեցրեք Ձեր նշանածի մորը փաստի առաջ. ամուսնացեք ու տեղափոխվեք այլ բնակարան/տուն և առանձին ապրեք։ Սա կամ կբերի նրան, որ նա կհամակերպվի Ձեր ընտրության հետ ու կսկսի նոր իրականությանը հարմարվել կամ էլ որոշ ժամանակով կամ ընդմիշտ կխզի կապը որդու ու նրա ընտանիքի հետ։

Ամեն դեպքում, հիշեք մեկ կարևոր բան. շատ որոշիչ դեր է ունենալու այն, թե ինչ լույսի ներքո Դուք ինքներդ Ձեզ կմատուցեք։ Ամենևին ցանկալի չէ, որպեսզի Դուք Ձեր ապագա սկեսուրին ընկալեք որպես թշնամի ու հակառակորդ ու փորձեք մղել Ձեր նշանածին՝ մոր հետ առճակատման։ Մի կանգնեցրեք նրան նման բարդ ընտրության առջև ու մի ճնշեք։ Փորձեք հարցին մոտենալ դիվանագիտորեն ու խաղալ նրա տղամարդկային ինքնասիրության նոտաների վրա. անուղղակիորեն հուշեք նրան, որ նա է տղամարդը, նա է իր կյանքը կերտում ու որոշում կայացնում։ Միևնույն ժամանակ, փորձեք ներողամտորեն մոտենալ նրա մորը, հենվեք այն դիրքորոշմանը, որ մայրը մայր է ու իր որդու լավն է ցանկանում և ծայրահեղության մեջ է ընկել, բայց դա չի նշանակում, որ նա վատ մարդ է։

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol24/Harcer_hogebanin.png

Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: Admin (16.01.2015) | Հեղինակ: Հարցեր հոգեբանին W
Դիտումներ: 1616 | Տեգեր: Ընտանեկան խնդիրներ, կին-ամուսին հարաբերություններ, Հարցեր հոգեբանին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ